«Իրական Հայաստան» կարգախոսը և դրան ուղեկցող մյուս բոլոր հայտարարությունները գաղափարախոսությունից զուրկ և միայն իրենից պահանջվողը կատարելով անվտանգություն ապահովելու միամիտ պրագմատիզմի արդյունք են. հայտարարություն

Հայաստանի քաղաքական ուժերին և բոլոր հայերին՝

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴՅՈՒՐԱԲԵԿ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում հետպատերազմյան վեց տարիների տխուր զարգացումներն այնպիսի ճգնաժամային վիճակի են հասել, որ անտարբեր մնալն անհնար է։ Մենք ևս, որպես սփյուռքահայության փոքր մի հատված, ցանկանում ենք անկեղծորեն արտահայտել մեր մտահոգությունները և կարևոր հարցերի շուրջ ներկայացնել մեր առաջարկությունները։

Վերջին ընտրությունները տեղի ունեցան մի կողմից թուրքական պահանջների և սպառնալիքների, մյուս կողմից՝ ռուսական ճնշումների պայմաններում։ Առաջինին հարմարվող վարչապետ Փաշինյանը դառնալով սեփական ժողովրդին՝ հայտարարեց. «Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա սահմանադրական մեծամասնություն՝ սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ»։ Այս սարսափեցնող ուղերձն ի սկզբանե ընտրողների ազատ կամքի վրա ազդելու փորձ էր և, անկասկած, իր ազդեցությունն ունեցավ։

Դրան զուգահեռ՝ ռուսամետ ընդդիմադիր առաջնորդների դեմ սպառնալի և նվաստացնող ընտրարշավը, քաղաքական հետապնդումները, ինչպես նաև արցախահայերի նկատմամբ ատելություն սերմանող հայտարարությունները ավելի լարեցին իրավիճակը։ Եվ այս ամենը կատարվում էր մի վարչապետի կողմից, որը տարիներ շարունակ հանդուրժել էր Ալիևի նույնատիպ սադրիչ հայտարարություններին և երբեք պատասխան չէր տվել նրան։ Այսինքն՝ արտաքին քաղաքականության մեջ հակառակորդի նկատմամբ չափազանց «կառուցողական», իսկ ներքին կյանքում՝ սեփական մրցակիցներին «արմատախիլ անելու» պատրաստ կործանարար վարքագիծ։ Վտանգավոր ներքին բևեռացման մեջ սա վերջին շրջանի ամենաբացասական գործոններից մեկն էր։

Ընտրական գործընթացի ընթացքում Ռուսաստանի կոշտ արձագանքները, որոնք նպատակ ունեին ազդելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վրա, էլ ավելի խորացրին հակասությունները։ Ռուսաստանին աջակցող ընդդիմադիր ուժերն էլ իրենց հերթին նպաստեցին այս բացասական ընթացքին։ Նախևառաջ՝ նրանք չընդունեցին անցյալի իրենց մեղքերը պարտության տանող պատճառների շարքում, հետո անտեսեցին այն փաստը, որ հասարակությունը հոգնել է իրենցից, և փորձեցին ֆինանսական ռեսուրսների միջոցով գերիշխել ընդդիմադիր դաշտում։ Արդյունքում խոչընդոտեցին առողջ այլընտրանքների ձևավորմանը և հուսահատ ժողովրդի աչքում գործող իշխանությանը կրկին դարձրին նախընտրելի տարբերակ։

Արցախից հետո Հայաստանի գոյությանը սպառնացող երկու հարևաններին հնազանդությամբ հանդարտեցնելու քաղաքականությունը խաղաղություն չի ապահովում։ Այո՛, պետք է խուսափել պատերազմից, սակայն ընտրված ուղին ո՛չ կարող է կանխել այդ վտանգը, ո՛չ էլ խոչընդոտել Հայաստանի մասնատմանն ուղղված այլ մեթոդներին։

Վարչապետի այն քաղաքականությունը, որը ներկայացվում է որպես այս վտանգները կանխելու և Հայաստանի միջազգային ճանաչված սահմաններով ինքնիշխան գոյությունն ապահովելու միջոց, իրականում ծառայում է ճիշտ հակառակին և հանդիսանում է ծայրահեղ սխալ ու վտանգավոր քաղաքականություն։ Նրա կողմից որպես գաղափարախոսություն ներկայացվող «Իրական Հայաստան» կարգախոսը և դրան ուղեկցող մյուս բոլոր հայտարարությունները, ըստ էության, գաղափարախոսությունից զուրկ և միայն իրենից պահանջվողը կատարելով անվտանգություն ապահովելու միամիտ պրագմատիզմի արդյունք են։

Այս մոտեցումը կարող է նպաստել ոչ թե Հայաստանի անկախությանը, այլ սեփական իշխանության պահպանմանը։ Քանի որ, թեև Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «երբևէ եղածից ավելի անկախ» է դարձրել, իրականում նա երկրի կառավարումը, ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ձևով, ենթարկում է երկու թուրքական պետությունների կամքին՝ Հայաստանը վերածելով նրանց վասալի։

«Իրական Հայաստան» կարգախոսը, նախ և առաջ, պատմական հիշողությունը ջնջելու փորձով, ազգային արժեքներից ու խորհրդանիշներից հրաժարվելով, արդարության զգացումը ճնշելով և Ցեղասպանության հարցում ժխտողականությանը նպաստելով, ինչպես նաև հայտարարելով, թե «Արցախի պայքարը հենց սկզբից սխալ էր», իրենից ներկայացնում է արժանապատիվ կեցվածքից զուրկ քաղաքականություն։ Անպատվաբեր խաղաղությունը չի զսպում թշնամու՝ ավելիին տիրանալու ախորժակը։ Երբ այլ ելք չկա, թշնամու ողորմածությանը ապավինելը նույնպես կարող է տարբերակ լինել, հատկապես եթե նա այնպիսի հարևան է, որի հետ կողք կողքի ապրելը անխուսափելի է։ Սակայն այս տեսանկյունից անհրաժեշտ է հարց տալ՝ արդյո՞ք այդ երկու հարևան պետությունների բնույթում ողորմածություն կա։ Մենք չենք կարող դրական պատասխան տալ։ Ավելին, նրանք կարող են մի օր նույնիսկ Հայաստանի վասալական գոյությունն ավելորդ համարել և նախընտրել երկկողմ բաժանման միջոցով ամբողջովին վերացնել այն։

Անկասկած, իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրանքները չափազանց սահմանափակ են,և մեկը մյուսից ավելի խնդրահարույց։ Միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ և ԵՄ-ի հետ հավասարակշռված բազմազան հարաբերություններ ունենալու գաղափարը սխալ չէ։ Սրան պետք է ավելացնել մեկ այլ գերտերություն Չինաստանը։ Սակայն փոքր ու թույլ Հայաստանը չունի այնպիսի մանևրելու հնարավորություն, ինչպիսին ունի Թուրքիան և նույնիսկ Ադրբեջանը։ Նրանք կարող են միաժամանակ տարբեր ուժերի հետ առանձին խաղ վարել, իսկ Հայաստանը՝ ոչ։ Հայաստանի դեպքում ասում են․ «Չես կարող միաժամանակ երկու աթոռի վրա նստել, ընտրիր քո կողմը»։ Մենք պետք է առարկենք այս անարդար պարտադրանքին, պնդենք, որ մենք ոչ մեկի ստրուկը չենք, բայց նաև գործենք իմաստուն կերպով՝ գիտակցելով մեր սահմանափակումները։

Այս տեսանկյունից Մեղրիի ճանապարհի վերահսկողությունը Միացյալ Նահանգներին տրամադրելը փոխարինելով Ռուսաստանին՝ ավելի խնդրահարույց դարձավ։ Եթե պարտությունից հետո Հայաստանը նախընտրեր Մեղրիի ճանապարհը բացել Ռուսաստանի վերահսկողությամբ՝ համաձայն եռակողմ հայտարարության, որը կնքվել էր Ռուսաստանի միջնորդությամբ, ապա հնարավոր կլիներ պահպանել Արցախից մնացած հատվածը՝ Լաչինի միջանցքի կապի հետ միասին։ Փոխարենը, Արցախի նկատմամբ Ադրբեջանի «ինքնիշխան իրավունքը» ճանաչելը ոչ միայն հանգեցրեց Արցախի կորստին, այլև նոր հնարավորություն տվեց թուրքական կողմի «Զանգեզուրի միջանցք» ծրագրին։ Այս անգամ գործընթացին միջամտեց Միացյալ Նահանգները՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության մեջ ավելացնելով իր ազդեցությունը։ Սա անհանգստացրեց թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին։ Ռուսաստանը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հայտը մեկնաբանեց որպես իրեն ուղղված քայլ և սպառնաց դուրս բերել Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից՝ այն հասցնելով տնտեսական ճգնաժամի։ Եթե լարվածությունն աճի, չի կարելի թերագնահատել նաև այն հավանականությունը, որ Ռուսաստանը, Վրաստանի և Ուկրաինայի օրինակներից հետո, կարող է ռազմական միջամտության դիմել նաև Հայաստանում։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը վերջին տարիներին լուրջ կերպով անտեսեց իր դաշնակից համարվող Հայաստանը երբ թուրքական կողմի հետ շահերի համընկնումը գերակշռեց և զոհաբերեց նաև Արցախը, որը մշտապես հավատարիմ էր իրեն։ Հետևաբար Ռուսաստանին լիովին վստահել հնարավոր չէ, սակայն նաև չի կարելի անտեսել այն վտանգը, որ Ռուսաստանի հետ բացահայտ թշնամությունը կարող է նոր աղետ բերել Հայաստանին։ Մեր պատմությունը լի է նաև արևմտյան պետությունների կողմից նմանատիպ դավաճանությունների օրինակներով, ուստի միայն Արևմուտքի կողմնորոշվելն էլ ավելի անվտանգ տարբերակ չի հանդիսանում։ Իրանը բնական դաշնակից է և երկու թուրքական պետությունների դիմաց պետք է դիտարկվի որպես հավասարակշռող տարածաշրջանային ուժ։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ TRIPP նախագծի առաջացրած մտահոգությունները չեզոքացվեն Ռուսաստանի և Իրանի համար ընդունելի մեխանիզմներով։ Իսկ վտանգի տակ գտնվող Սյունիքի անվտանգության համար նպատակահարմար կլինի Իրանի հետ կնքել երկկողմ համաձայնագրեր և զարգացնել ռազմական համագործակցություն։

Ընտրությունների ընթացքում հենց այդ վտանգի պատճառով ընդդիմության կողմից բարձրացված Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը Փաշինյանի կողմից ընդունվեց նյարդային արձագանքներով՝ «Մեզ մոտ մի՛ եկեք Ադրբեջանի նարատիվներով» արտահայտությամբ։ Նա դա ներկայացրեց որպես անհիմն քարոզչություն, որը պարզապես ահաբեկում է հայ ժողովրդին, և նույնիսկ այն անվանեց «սրիկայություն»։ Սակայն Ալիևը միջազգային համաժողովներում և ֆորումներում շարունակաբար առաջ է քաշում «300 հազար արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց նախնիների հողեր» պահանջը, կոչ է անում Հայաստանին երկխոսություն սկսել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և պահանջում է պաշտոնական պատասխան։ Նա նույնիսկ փորձեց այդ պահանջին միջազգային լեգիտիմություն հաղորդել՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-6-ին Բաքվում անցկացված «Վերադարձի իրավունք» համաժողովի եզրափակիչ հայտարարությունը ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային։ Փաշինյանը հայտարարեց, թե այդ հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական հարաբերություններում։ Այդ դեպքում հարց է առաջանում․ եթե Ալիևը դա չի բարձրացրել երկկողմ բանակցություններում, ապա արդյո՞ք չպետք էր Փաշինյանն ինքը բարձրացներ այդ թեման և պահանջեր բացատրություններ։

Այս «անտեսելու» քաղաքականությունը ներկայացվում է որպես գիտակցված մոտեցում՝ Ալիևի ծուղակը չընկնելու համար։ Սակայն իրականում հակառակն է ճիշտ․լռությամբ անցկացնելը նշանակում է՝ հարցի մանրամասներին անտեղյակ աշխարհի աչքում բաց թողնել դաշտը Ալիևի պնդումներին։ Հատկապես հաշվի առնելով, որ 1988-1991 թվականների պարտավորված արտագաղթերը փոխադարձ բնույթ ունեին, և Ադրբեջանից փախստական դարձած հայերի թիվը շուրջ երեք անգամ ավելի մեծ էր, չափազանց կարևոր է պաշտոնապես հայտարարել, որ միակողմանի «վերադարձի» պահանջն անընդունելի է։ Ադրբեջանի նպատակը, ըստ այս տեսակետի, Սյունիքի, Վարդենիսի և Գեղարքունիքի շրջաններում ժողովրդագրական պատկերը փոխելն է, իսկ հետագայում՝ այդ տարածքները Հայաստանից անջատելը։ Այդ նպատակով, ինչպես իրենց տարածած տեսանյութերում նշվում է, Թուրքիայի հետ միասին մշակվում են ծրագրեր, որոնք ներշնչված են Հաթայի և Կիպրոսի նախադեպերով։ Հետևաբար այս հարցը պետք է ընդունել ամենայն լրջությամբ և թույլ չտալ, որ ստեղծվեն անշրջելի փաստեր։

Սահմանադրությունը փոխելու արտաքին պարտադրանքը հիմնված չէ որևէ գրավոր համաձայնության վրա և, ըստ էության, նշանակում է միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Այդ պատճառով Հայաստանը չպետք է իրեն պարտավորված զգա նման պահանջի առաջ։ Եթե խորհրդարանում չի ձևավորվում սահմանադրական մեծամասնություն, ապա Փաշինյանի նախկինում տված բանավոր խոստումը նույնպես կորցնում է իր ուժը։ Եթե Ալիևը Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կապում է այդ պայմանի հետ և փորձում է փաստացի պարտադրել իրավական տեսանկյունից անհնար մի բան, ապա դա ներքին գործերին միջամտության ավելի բացահայտ դրսևորում կլինի։ Դրա դեմ հստակ դիրքորոշումը կարող է նպաստել, որ Հայաստանը միջազգային աջակցություն ստանա՝ այդ պահանջը չեղարկելու և խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ։ Եթե նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը շարունակի պնդել ոչ իրավաչափ պահանջները, դա նրա օգտին չի լինի։ Այդ պատճառով Հայաստանը դիվանագիտական հարթակում պետք է գործի ինքնավստահ և վճռական կերպով։

Արտաքին քաղաքականության մեջ ուժեղ լինելու նախապայմանը, սակայն, ներքին կյանքում նվազագույն համաձայնության և միասնության ապահովումն է՝ նույնիսկ առկա հակասությունների պայմաններում։ Խորհրդարանական թվաբանության վրա ազդած խախտումների բացահայտումից և շտկումից դուրս, ընտրությունների արդյունքները փոխելու ճնշում գործադրել անիմաստ կլինի ։ Ընտրությունների ամբողջական չեղարկման և նոր քվեարկության պահանջը դժվար թե ընդունվի, իսկ փողոցային պայքարով իշխանափոխության փորձերը միայն կխորացնեն լարվածությունը։ Նույնիսկ նախորդ տարիների ճգնաժամերի կրկնությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ, իսկ ավելի վատ սցենարները Հայաստանի համար ոչ թե օգուտ, այլ վնաս կբերեն։ Ուստի ընդդիմության խնդիրը պետք է լինի ինչպես խորհրդարանական լծակներով, այնպես էլ հասարակական գործունեությամբ սահմանափակել Փաշինյանի կառավարության չափազանց զիջողական քաղաքականությունը և զսպել այն։

Իր հերթին վարչապետը պետք է լուրջ վերագնահատի այն՝ թե ինչքան մեծ հակասություն  արտացոլեց նախկին ընտրաշրջանում Արցախը պաշտպանելու խոստումներից հետո նրա կորուստին հանգեցնող եւ այսօր ուղիղ հակառակ հռետորաբանության հասնող քաղաքականությունը ։ Նա պետք է գիտակցի նաև, որ Արցախի հարցում իր կտրուկ շրջադարձը և Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելով թուրքական ժխտողականությանը նպաստող մոտեցումները հասարակության մի հատվածում աջակցություն են կորցրել։ Թուրքական ԶԼՄ-ներում ոգեշնչված նրա անորոշ հարցական խոսույթից և իհարկե կեղծելով այն՝ պնդում են, որ «Փաշինյանը սուտ է համարում Հայոց Ցեղասպանությունը»։ Ուստի նրանից ակնկալում ենք ուշքի գալ եւ ցույց տալ ավելի լուրջ կեցվածք՝ ոչ թե ընտրական շահերից ելնելով, այլ այն գիտակցումով, որ նման ընթացքը շարունակվելու դեպքում պահպանելու բան կարող է չմնալ։

Վերջին ընտրություններից հետո Փաշինյանի այն պնդումը, թե «իր կուսակցությանը տրված ձայները 100 տոկոսով անկեղծ են եղել, իսկ խորհրդարան անցած մյուս կուսակցությունների ստացած ձայները 100 տոկոսով հավաքվել են կաշառքով», ինչպես նաև նրա հայտարարությունը, թե «առանց փողի ոչ մի մարդ նրանց չի քվեարկել», կարելի է գնահատել որպես հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ աննախադեպ զրպարտություն։ Նման արդյունքից հետո ավելի բնական կլիներ, եթե նա հայտարարեր. «Ես բոլորի վարչապետն եմ՝ թե՛ ինձ ընտրածների, թե՛ չընտրածների» և հանդես գար համախմբող ուղերձով։

Բացի այդ, մրցակից կուսակցությունների հասցեին սպառնալիքները, նրանց երեք առաջնորդներին բանտ ուղարկելու մտադրության դրսևորումները, ինչպես նաև կաթողիկոսին լուծարել եւ եկեղեցին հսկողության տակ առնելու փորձերը և իրեն քննադատողներին մեկ-մեկ ձերբակալելը հիշեցնում են տարածաշրջանում Թուրքիայի նման ավտորիտարացման օրինակները։ Նախկին նախագահ Քոչարյանի պատասխանատվության գրվող արյունալի իրադարձությունների կամ խոշոր կոռուպցիոն գործերի բացահայտման ուղղությամբ ութ տարվա ընթացքում էական արդյունքներ չցուցաբերելուց հետո, հենց նրա կրկին քաղաքական մրցակից դառնալու պահին այդ թեմաների շուրջ վճռականության մասին խոսելը ցույց է տալիս, որ նա ավելի շատ քաղաքական հաշվարկներով է գործում, քան իրավական պահանջներով։

Այս բոլոր հարցերը մենք համարում ենք կարևոր խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն վարչապետը և նրա թիմը։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, անկախ իրենց դիրքորոշումներից, ավելի պատասխանատու վարքագիծ ցուցաբերել Հայաստանի ապագայի շահերից ելնելով։

Անկախությունից ի վեր Հայաստանում իշխանությունը կիսած բոլոր առաջնորդները հիմնականում պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։ Նրանք բոլորը, տարբեր աստիճաններով, մասնակցել են պետական ​​բյուջեի և հանրային արժեքների թալանին և վատնմանը։ Ներկայիս վարչակազմը պնդում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբերվում է իր նախորդներից, սակայն իրավիճակը այդքան էլ մաքուր չի թվում, և իշխանության առավելությունների շահագործումը շարունակվում է տարբեր ձևերով։ Կրկին, նրանք բոլորը ծառայել են այլ պետությունների շահերին՝ իրենց երկրի և հասարակության փոխարեն։ Այսօր նրանցից յուրաքանչյուրը մեղադրում է ուրիշներին՝ առանց սեփական մեղքերի հետ առերեսվելու։ Թշնամության սերմեր են ցանվում փոխադարձ զայրույթով և ատելությամբ, և զարգանում են արհեստական ​​բաժանումներ։ Իրադարձությունների այս ընթացքը վտանգավոր է ներքին բախումների պատճառ դառնալու հավանականությամբ։ Այսօր, անկախ նրանից, թե որ կողմում ենք, որպես հայ ժողովուրդ պետք է պայքարենք մեզ միմյանց դեմ տրամադրելուն ուղղված հռետորաբանության և գործողությունների դեմ։ Եկեք չդիմենք էժանագին մեղադրանքների, ինչպիսիք են՝ «դավաճան, վաճառված, փախածներ» և այլն։ Եկեք մեր մտքերն ու քննադատությունները արտահայտենք կառուցողականորեն։

Որպես հայ ժողովուրդ՝ մենք հազարավոր տարիների, ներառյալ առանց պետության երկարատև ժամանակաշրջանների դժվարություն և արհավիրքների միջով անցել ու հասել ենք այսօրին։ Մեր կոլեկտիվ դիմակայությունը հաջողությամբ անցել է պատմության փորձությունը։ Առանձին-առանձին, մեզանից շատերը խելացի են և տաղանդավոր։ Մեր պատմության խորքից կուտակված փորձով մենք ունենք ուժ՝ հաղթահարելու նաև այս դժվարությունները։ Մեզ պարզապես անհրաժեշտ է դուրս գալ  մեզ ներքաշող խաղերից և պահպանել մեր միասնությունն ու ամբողջականությունը։

Փոխանակ ենթարկվելու այս կամ այն ​​համաշխարհային տերության կողմից մեզ պարտադրված հովանավորությանը կամ հանձնվելու մեր գոյությանը սպառնացող թշնամու կամքին, եկեք մշակենք ինքնավստահության վրա հիմնված պաշտպանության հայեցակարգ։ Եկեք ամրապնդենք մեր ազգային միասնությունը այնպիսի հասկացողությամբ, որը կստանա նաև հայկական սփյուռքի բազմակողմանի աջակցությունը, և միասին ձգտենք ձևավորել առավել համապատասխան արտաքին քաղաքականությունը։ Միայն այսպես գործելով՝ հայ ժողովուրդը, որն այժմ բավականին հոգնած, անհանգիստ և հիասթափված է, կարող է վերականգնել իր ուժերը և որոշել իր ապագան։

Բելգիահայ դեմոկրատների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment