Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը» վերնագրով հոդվածը՝ անդրադառնալով հոնիսի 16-ին Fip.am-ում հրապարակված «ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ» վերլուծությանը։
Ուրախ ենք արձանագրել, որ կարևոր հանրային թեմաները հայտնվում են մեր գործընկերների ուշադրության կենտրոնում։ Ընթերցողների համար պատկերն ամբողջական դարձնելու նպատակով հարկ ենք համարում ներկայացնել մի քանի կարևոր պարզաբանումներ՝ մեր և գործընկերների հետազոտական մոտեցումների վերաբերյալ։
Վերլուծության նպատակը և կոնտեքստը
Factor.am-ը գրում է․ «Քանի որ Fip․am-ի հոդվածը սկսվում է «Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին» դիտարկումով, տպավորություն է ստեղծվում, թե ներկայացված վիճակագրության կտրուկ աճը վերաբերում է ընտրություններից առաջ հենց ընտրելու նպատակով Հայաստան եկած քաղաքացիներին»։
Մինչդեռ, հոդվածի նախաբանում հիշատակված հարցը ծառայել է սոսկ որպես ուսումնասիրության մեկնակետ։
Fip.am-ի նպատակն էր ներկայացնել պաշտոնական փաստական տվյալներ՝ հենց Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան արձանագրված ներհոսքերի ընդհանուր դինամիկայի վերաբերյալ, քանի որ հանրային քննարկումները ծավալվում էին հենց այս աշխարհագրական ուղղության շուրջ։
Տվյալների ընտրության և մեթոդաբանության տարբերությունը
Մեր գործընկերները նկատում են, որ նման վիճակագրության համատեքստում կարևոր է հենց ՀՀ քաղաքացիություն ունեցողների ժամանման տվյալը։ Չվիճարկելով այդ դիտարկման նշանակությունը՝ ցանկանում ենք մատնանշել մեր մոտեցման հիմքում ընկած երկու կարևոր փաստական նրբություն։
- Երկքաղաքացիության գործոնը. Ռուսաստանում բնակվող հարյուր հազարավոր հայեր ունեն երկքաղաքացիություն։ Գործնականում պաշտոնական վիճակագրությունից հնարավոր չէ պարզել, թե նրանցից քանիսն են սահմանը հատել ռուսական անձնագրով, սակայն Հայաստանում ունեն ընտրելու իրավունք։ Այդ իսկ պատճառով, միայն ՀՀ քաղաքացիության չափանիշով հնարավոր չէր ամբողջությամբ և օբյեկտիվորեն գնահատել ՌԴ-ից ընթացող տեղաշարժերի իրական պատկերը, և Fip.am-ը հիմք է ընդունել ՌԴ-ից ժամանած բոլոր անձանց ընդհանուր թիվը։
- Աշխարհագրական ընդգրկումը. Factor.am-ն իր ամփոփման մեջ նշում է, թե երկու լրատվամիջոցների տվյալներն էլ վերաբերում են «Ռուսաստանից Հայաստան հոսքի թվերին»։
Սա թյուրըմբռնում է առաջացնում։
- Fip.am-ը ներկայացրել է բացառապես Ռուսաստանից Հայաստան ներհոսքերի ընդհանուր դինամիկան՝ ըստ ժամանակագրության, նախորդող 5 տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ, ըստ ցամաքային ու օդային անցակետերի ցուցանիշների ու աճի / նվազման տենդենցների։
- Մինչդեռ Factor.am-ի հրապարակման հիմքում ընկած են ԱԱԾ տրամադրած՝ տարբեր երկրներից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների տվյալները, ինչպես նաև ՌԴ-ից ՀՀ չվերթների դինամիկան, որը ժամանողների հստակ թվային տվյալ չի արտացոլում։
Հետևաբար, սրանք նույն ցուցանիշի տարբեր հատվածներ չեն, այլ տարբեր հիմքերով ձևավորված վիճակագրություններ, ինչով պայմանավորված ստացվել են տարբեր եզրահանգումներ։
Միևնույն ժամանակ, Factor.am-ն, այս հատվածում շեշտադրելով այն հանգամանքը, որ Fip.am-ն ԱԱԾ-ից խնդրել և ստացել է նշված ժամանակաշրջանում Ռուսաստանից դեպի Հայաստան այցելած բոլոր անձանց քանակը՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիների, հաջորդիվ փորձում է հակասել իր իսկ նշած մտքին։
Ձևակերպման հստակեցումը՝ փաստերի ստուգման համատեքստում
«ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների հոսք» ձևակերպման մեջ «ՀՀ»-ն նշված է որպես աշխարհագրական ուղղություն (Հայաստան), իսկ «քաղաքացի» բառն օգտագործվել է որպես ընդհանուր տերմին՝ հոմանիշ «անձ» կամ «մարդ» բառերին։
Այդ համատեքստը ակնհայտ է նաև նույն նախադասության սկզբում նշված «ՌԴ-ից ժամանումների ընդհանուր թիվը» ձևակերպումից։
Ավելին, Fip.am-ի հոդվածի ամփոփիչ մասում արձանագրված է հստակ եզրահանգում, որը բացառում էր տվյալները քաղաքացիության կամ ուղղակիորեն ընտրության հետ կապելու տարբերակը։
Նույն մոտեցումն արտացոլված է նաև հոդվածի վերնագրում, որով ակնհայտ է, որ թեման վերաբերում է ՌԴ-ից ՀՀ ժամանումների դինամիկային։
Այն, որ հոդվածի հիմքում ՌԴ-ից ՀՀ մարդկային հոսքերի ուսումնասիրությունն է, ակնհայտ է նաև «Փաստերի ստուգման հարթակի»՝ հոդվածի ընդհանուր բովանդակությունը ներկայացնող հատվածից։
Այդուհանդերձ, որպես փաստեր ստուգող պատասխանատու հարթակ, կարևորելով տեղեկատվության բացարձակ հստակությունը և նույնիսկ չնչին տարակարծություններից խուսափելու անհրաժեշտությունը, տեղեկատվությունը տրամադրած կառույցի՝ ԱԱԾ-ի հետ քննարկման արդյունքում և նրանց խնդրանքով մենք վերախմբագրել ենք այդ նախադասությունը՝ դարձնելով «ՌԴ-ից ՀՀ ժամանողներ»։
Այսպիսով, արձանագրենք, որ երկու հրապարակումներն էլ հիմնված են պաշտոնական արժանահավատ տվյալների վրա, սակայն պատասխանում են հետազոտական տարբեր հարցադրումների։
- Fip.am-ի ուսումնասիրությունը բացահայտում է Ռուսաստանից Հայաստան ներհոսքերի ընդհանուր դինամիկան՝ ըստ ժամանակագրության, նախորդող 5 տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ, ըստ ցամաքային ու օդային անցակետերի ցուցանիշների ու աճի / նվազման տենդենցների։
- Factor.am-ի հրապարակումը ներկայացնում է ընդհանուր հայկական անձնագրերով տեղաշարժերի պատկերն ու ՌԴ-ից ՀՀ չվերթների տվյալները։
Գնահատելով Factor.am-ի գործընկերային մոտեցումը՝ կարծում ենք, որ մասնագիտական քննարկումները պետք է նպաստեն տվյալների վրա հիմնված լրագրության զարգացմանը և հանրությանը որակյալ ու բազմակողմանի տեղեկատվության տրամադրմանը։
FIP.am-ի խմբագրություն
The post Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը appeared first on FIP.AM.