Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում դեռևս նախատեսվում է անցկացնել ուրբաթ օրը։ Այս մասին եվրոպական լրատվամիջոցներին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրները, այդ թվում՝ Պակիստանն ու Կատարը։
Նշվում է, որ բանակցությունները նվիրված կլինեն ոչ թե նոր փաստաթղթի ստորագրմանը, այլ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման սկզբնական փուլերի քննարկմանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ ստորագրել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթղթի ստորագրման փաստը հաստատել էր նաև իրանական կողմը։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն իր հերթին հայտնել է, որ հուշագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։ Նրա խոսքով՝ առաջին քայլերից մեկը լինելու է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի անմիջական վերաբացումը, իսկ ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը։
Սպասվում է, որ Շվեյցարիայում կայանալիք հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն համաձայնագրի գործնական իրականացման մեխանիզմներն ու հետագա քայլերը։