Իսրայելի ներկայությունը հարավային Լիբանանում խախտում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանի դեմ Իսրայելի հետագա հարձակումները կամ այդ երկրի հարավում վերջերս գրավված տարածքների շարունակվող օկուպացիան կհամարվեն Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրման պատրաստվող փոխըմբռնման հուշագրի խախտում։

Press TV-ի փոխանցմամբ՝ Արաղչին այս մասին ասել է Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ հուշագրի ամենակարևոր դրույթը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի անհապաղ և մշտական ավարտի հայտարարումն է։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Լիբանանի դեմ ագրեսիայի ավարտը հուշագրի անբաժանելի մասն է։ Նրա խոսքով՝ Լիբանանում պատերազմի ավարտը նաև ենթադրում է Իսրայելի ներկայության դադարեցում այն տարածքներում, որոնք իսրայելական ուժերը գրավել են վերջին ռազմական գործողությունների ընթացքում։

«Պատերազմի ավարտը ներառում է օկուպացիայի ավարտը։ Առանց այս պատերազմի ընթացքում գրավված տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման՝ պատերազմը լիարժեք ավարտված չի համարվի»,- հայտարարել է Արաղչին։

Նա նաև նշել է, որ, Թեհրանի գնահատմամբ, Լիբանանում պատերազմի ավարտը ընդհանուր պատերազմի ամբողջական ավարտի անբաժանելի մասն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment