Ինչո՞ւ Հաջիևն ընտրություններից մի քանի օր անց եկավ Հայաստան․ պարզաբանում է Փաշինյանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ընտրություններից 2-3 օր հետո եկավ Հայաստան՝ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արտաքին աշխարհում, ոչ միայն Ադրբեջանում կարող է հարց ծագել՝ «ո՞նց, ՀՀ-ում 500 հազար քաղաքացի կա, որ մտածում է՝ պետք է գնալ, ծովից ծով Հայաստանը վերցնել, կամ գնալ, Ղարաբաղը հետ բերել, կամ պետք է վերանայել խաղաղության համաձայնագիրը կամ այն, ինչ գրված է խաղաղության համաձայնագրի մեջ, ոչինչ, մեկ ա՝ մենք դա չենք անի»։ Եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը ու ստացվի, որ ՀՀ-ում 500 հազար մարդ կա (նկատի ունի այն ընտրողներին, որոնք ձայն են տվել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին- խմբ․), որ մտածում է՝ Ղարաբաղի շարժումը պետք է շարունակել, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում»,- ասաց Փաշինյանը։

Նա պնդեց՝ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի, և հիմա իրենք պետք է ջանքեր գործադրեն, որ իրադրությունը չապակայունանա։ Նրա խոսքով՝ այն, որ Հաջիևը եկել է Դիլիջան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման, ևս մեկ ապացույց է, որ իրենք շարունակում են խաղաղությունն ինստիտուցիոնալ զարգացնել։

Ըստ նրա՝ առաջին անգամ է տեսնում, որ այսպիսի արագությամբ հանդիպում կազմակերպվի։

«Դա նշանակում է, որ երկու կողմում էլ այդ զգացողությունը կար, որ դավադրություն կա էստեղ, ու պետք է ռեակցիա տալ»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

Sputnik Արմենիա

Leave a comment