Հայկական արտադրանքի որակի վերահսկողությունը պետք է սկսվի արտադրության փուլից

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների լայնածավալ սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքական պատճառների, այլ Հայաստանում որակի ներքին վերահսկողության համակարգի թերությունների հետ։ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նա այսպես է մեկնաբանել Երևանից հնչող հայտարարություններն այն մասին, թե ռուսական կարգավորողի որոշումները քաղաքականացված են։

Դանկվերտի խոսքով՝ հիմնական խնդիրը մնում է Հայաստանի գյուղատնտեսության մեջ համագործակցության և արտադրական վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունը։

«Այնտեղ մեծ թվով մանր ֆերմերներ կան, որոնք արտադրանք են աճեցնում և այն արտահանում։ Սակայն արտադրության և բեռնման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և համագործակցության համակարգը։ Հազարավոր կապ կանաչեղեն հավաքվում է մեկ մեքենայի մեջ, որից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Ֆիզիկապես դա անհնար է», – պարզաբանել է նա։

Վերահսկողությունը սահմանին ոչինչ չի փոխում

Ռոսսելխոզնադզորի ղեկավարը շեշտել է, որ որակի ստուգումը պետք է սկսվի ոչ թե սահմանին, այլ անմիջապես արտադրության փուլում։ Նրա ձևակերպմամբ՝ համակարգն արդյունավետ է աշխատում միայն այն ժամանակ, երբ կա արտադրողների միավորումների պատասխանատվություն, ինչը Հայաստանում այսօր պակասում է։

Միևնույն ժամանակ, Դանկվերտը նշել է, որ իրենց գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումները Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ և նրան չի համարում առաջացած խնդիրների պատառ: Ըստ նրա՝ սահմանափակումները հիմնված են ձեռնարկությունների բազմամյա աշխատանքի պատմության և լաբորատոր տվյալների վրա:

Տոտալ էմբարգո հունիսի 12-ից

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ պետություններ։ Արգելքի տակ են հայտնվել թարմ բանջարեղենը, միրգը, կանաչեղենը և ծաղկային արտադրանքը։ Ավելի վաղ սահմանափակվել էր նաև «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական ալկոհոլի որոշ տեսակների մուտքը։

Ռոսսելխոզնադզորը նշում է, որ արգելքը գործելու է այնքան ժամանակ, մինչև Երևանը չմշակի ապրանքների անվտանգության և հետագծելիության (traceability) ապահովման կոնկրետ, վստահելի ալգորիթմ:

Leave a comment