Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ շրջանակների մոտ հարցեր էր առաջացրել։ 

Արտապատկերումները՝ ԶԼՄ-ներից

Քվեարկության օրը՝ հունիսի 7-ին ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ այդ տարբերությունը և արդյունքում ընտրողների թվի աճը բնութագրեցին որպես «գաղտնի ցուցակ»՝ պնդելով, որ դրա առկայությունը հարցեր է առաջացնում ընտրողների թվի և ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գործող օրենսդրությունն ու ընտրական գործընթացի կարգավորումները՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված այդ տարբերությունը։

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի տարբերությունը պայմանավորված է ընտրական օրենսդրությամբ նախատեսված հատուկ ցուցակների ներառմամբ, այլ ոչ թե ընտրական ռեգիստրում նոր ընտրողների ավելացմամբ։ 

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն՝ ընտրությունների նախօրեին հրապարակվող ընտրողների թիվը ներառում է միայն քաղաքացիական ընտրողների ռեգիստրում հաշվառված անձանց։ Այս պարագայում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչության պետ Նելլի Դավթյանը հայտարարել է վերջնական ցուցակներում 2,485 551 թվի մասին։

Սակայն քվեարկության արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ թվին ավելացվում են նաև օրենքով նախատեսված հատուկ ցուցակներում ընդգրկված ընտրողները։ Այդ ցուցակները կազմվում են քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահելու վայրերում և զորամասերում։ Ըստ ընտրությունների վերջնական արդյունքների՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված անձանց թիվը հասել է 2,503 990 (18 439-ով ավելի):

Այսինքն՝ վերջնական արձանագրությունում արտացոլվող ընտրողների ընդհանուր թիվը ավելի մեծ է, քան քվեարկության օրը հրապարակված քաղաքացիական ընտրողների ռեգիստրի տվյալը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ՝ նշված տվյալները ներառվում են ԿԸՀ կողմից կազմվող քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում, բայց չեն կարող արտացոլվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայություն կողմից հրապարակվող ընտրողների ռեգիստրում։

Ինչո՞ւ չեն հրապարակվում լրացուցիչ ցուցակները

Ընտրական օրենսգիրքը հատուկ կարգավորում է զորամասերում կազմվող ընտրողների ցուցակների գաղտնիությունը։ Օրենքի համաձայն՝ հրապարակման ենթակա չեն

  • զորամասերում հաշվառված ընտրողների ընդհանուր թիվը
  • ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են այդ ընտրողները
  • զորամասերում կազմված ընտրողների ցուցակները
  • ինչպես նաև դրանցից արված քաղվածքները։

Այս սահմանափակումը նախատեսված է օրենքով և կիրառվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Հետևաբար, եթե օրենքը սահմանում է, որ նախօրեին հրապարակվում է միայն քաղաքացիական ընտրողների ռեգիստրը, ապա ԿԸՀ-ն չի խախտել օրենքը՝ հետևելով այդ կարգին։

Այսպիսով, ընտրողների թվի տարբերությունը պայմանավորված է ընտրական օրենսդրությամբ նախատեսված հատուկ ցուցակների ներառմամբ։ Ուստի այն չի կարող դիտարկվել որպես ընտրական ռեգիստրում նոր ընտրողների ավելացման կամ ընտրացուցակների փոփոխության ապացույց։ 

Արեն Նահապետյան

The post Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները appeared first on FIP.AM.

Leave a comment