Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության եւ դրան նախորդած օրերին ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում եւ օդանավակայաններում արական սեռի ՀՀ քաղաքացիներին հանձնում էր 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր կամ վերցնում նրանց անձնական տվյալները՝ հետագայում այդ ծանուցագրերն ուղարկելու համար։ Թիրախում էին երկքաղաքացիություն ունեցող անձինք, որոնք գալիս էին Հայաստան՝ իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու՝ ընտրությանը մասնակցելու համար։ Սակայն, մեր տեղեկություններով, ռազմական ոստիկանության տեսադաշտում են հայտնվել ոչ թե առհասարակ երկքաղաքացիները, այլ այն անձինք, որոնք Ռուսաստանից են ժամանել Հայաստան:
Միայն ՀՀ եւ ՌԴ երկքաղաքացիություն ունեցող անձանց է «Զվարթնոց» օդանավակայանում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր տրվել: Նրանց մեջ են հայտնվել նաեւ Հայաստանում մշտական բնակություն ունեցող այն տղամարդիկ, որոնք կարճ ժամանակով գնացել էին ՌԴ եւ նախընտրական շրջանում վերադարձել են Հայաստան: Օրինակ, մեկը տասն օրով գնացել է Ռուսաստանում բնակվող ազգականին հյուր, մյուսը՝ հարսանիքի մասնակցելու եւ ետվերադարձին ընկել ՌՈ-ի ճանկը։