«Հորդորում եմ ձեզ ընդհանրապես զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի խոշորացումից»

ԱԺ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է շարունակել համայնքների միավորման գործընթացը երեք մարզերում։ Մասնավորապես, առաջարկվում է Լոռու մարզում ձեւավորել Ստեփանավան միավորված համայնքը, որում կներառվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները՝ իրենց կազմում ընդգրկված ընդհանուր 20 բնակավայրերով։

Սյունիքի մարզում նախատեսվում է ձեւավորել Գորիս համայնքը՝ Գորիս, Տեղ եւ Տաթեւ համայնքներով՝ դրանց կազմում ընդգրկված ընդհանուր 28 համայնքներով։

Վայոց ձորի մարզում առաջարկվում է ձեւավորել Եղեգնաձոր միավորված համայնքը, որում կներառվեն Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով։ Այս համայնքների համար սա միավորման երկրորդ փուլն է՝ միավորվում են արդեն միավորված համայնքները։

«Վարչատարածքայի բարեփոխումների նախորդ 7 փուլերի արդյունքում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներն են։ Չեն միավորվել Երեւանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։ Եվ ահա, այսօր ակնկալվող համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում համայնքների թիվը կդառնա 64, որից միավորված համայնքների թիվը կդառնա արդեն 57»,- ԱԺ նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը (լուսանկարում) բարձրաձայնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների հարցը։

«Բնական է, որ խոշորացված համայնքներում շատ ավելի արդյունավետ է պետական միջոցների ծախսումը, ուղղակի ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների վրա։ Ես հորդորում եմ ձեզ ընդհանրապես զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի խոշորացումից։ Սա կլինի բացարձակ ճիշտ մոտեցում։ Մենք պետք է պետական բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնենք ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերը զարգացնելու համար եւ մենք դա պարտավոր ենք անել, որովհետեւ փոքրամասնությունները ՀՀ-ում պետք է զգան պետական աջակցություն։ Մենք մի ժողովուրդ ենք, որն աշխարհի ավելի քան 5 երկրներում համայնքներ ունի։ Եվ մենք միշտ ակնկալում ենք, որ այլ երկրները մեր համայնքների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք պետք է ցուցաբերեն։ Իսկ որպեսզի այդ ակնկալիքն ավելի արդարացված լինի, նախ մենք պետք է այդպիսի վերաբերմունք ցուցաբերենք»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ կառավարության պլաններում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների միավորման գործընթաց չկա»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment