ԵՀ-ն Հայաստանի համար առևտրային աջակցության շտապ փաթեթ է պատրաստում

Եվրահանձնաժողովը շտապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտուրը մեծացնելու համար՝ կապված ՌԴ մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների հետ։ Այս մասին գրում է «Financial Times»–ը` հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի` Բրյուսելը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտահանման մաքսատուրքերը։

«Միջոցառումները, որոնք պետք է հաստատվեն ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի կողմից, կընդգրկեն ապրանքների մոտ 20 կատեգորիաների մեծ մասը, որոնց արժեքը տարեկան կազմում է մոտ 420 մլն եվրո: Բայց միևնույն ժամանակ Հայաստանի մի շարք արտահանվող ապրանքներ խնդիրներ են ստեղծում ԵՄ պաշտոնյաների համար»,– գրում է պարբերականը։

Թերթը նշում է, որ դա վերաբերում է առաջին հերթին կոնյակին՝ ՀՀ–ից արտահանվող հիմնական ապրանքներից մեկին՝ հաշվի առնելով կոնյակի արտադրության կարևորությունը Ֆրանսիայի համար։ Մեկ այլ խնդիր է նաև դեպի ծով ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի միջոցով փչացող ապրանքների տեղափոխման դժվարությունը։

Sputnik Արմենիա

Leave a comment