Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունն ընտրվել է ոչ օրինական ճանապարհով, այլ խոսքով, նա խորհրդարանական նորընտիր ընդդիմադիր ուժերին համարեց ոչ լեգիտիմ։ Նման մոտեցումը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակում է արդեն ոչ միայն խորհրդարանի, այլև ամբողջ քաղաքական դաշտի ապալեգիտիմացում։
Թերևս Հայաստանում ստեղծվել է նախադեպը չունեցող մի իրավիճակ, երբ մի կողմից ԿԸՀ-ն է իր որոշումով խորհրդարանին զրկում լեգիտիմությունից, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն է իր հայտարարություններով փորձում փոշիացնել քաղաքական դաշտը։ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, որ պետք է արմատախիլ անել խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, ոչ այլ ինչ են, եթե ոչ տոտալիտարիզմ հաստատելու ձգտում, որտեղ կա միայն մեկ իշխող ուժ ու վերջ։
Այս գործընթացը հղի է նրանով, որ սպառնում է փլուզել ողջ քաղաքական համակարգը, ու այդ փլատակների տակ կարող են մնալ անխտիր բոլոր ուժերը՝ անկախ նրանից մասնակցել են ընտրություններին, թե՝ ոչ։ Ձևավորվում է մի համակարգ, որ այդուհետ քաղաքական բոլոր գործընթացները, այդ թվում ընտրությունները, դառնալու են ձևական, ինչպես խորհրդային տոտալիտար համակարգում։ Շատերը երևի չեն հիշում, որ ԽՍՀՄ տարիներին նույնպես տեղի էին ունենում Գերագույն խորհրդի ընտրություններ, սակայն այդ ամենն ուներ սոսկ ընթացակարգային բնույթ, առանձնապես չկային ո՛չ ընտրական տեղամասեր, ո՛չ հանձնաժողովներ, ո՛չ էլ փակ գաղտնի քվեարկություն։ Ընտանիքի մեկ անդամը կարող էր ընտրել ընտանիքի մնացյալ բոլոր անդամների կողմից, կարևորն ապահովվեր ընտրությունների պատրանքը։
Հետևաբար որքան էլ ընդդիմադիր դաշտը առաձգական լինի, ու որքան էլ առկա լինեն տարաձայնություններ, այնուամենայնիվ, քաղաքական հեռատեսությունը հուշում է, որ գոնե այս փուլում ընդդիմությունը պետք է լինի միատարր, նվազագույնը չհարվածի միմյանց, քաղաքական դաշտի ավերակների վրա ամենևին կարևոր չի լինի, թե ով է ստանձնելու ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվի դերը։
Այս ընտրություններում ԲՀԿ-ն դարձավ իշխանության ձգտումների լակմուսի թուղթը, ու այդ համատեքստում ամենևին կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մեղադրանքներ է ներկայացնում Գագիկ Ծառուկյանին։ Եթե նույնիսկ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ այդ մեղադրանքներն արդարացված են, ապա դրանք պետք է լինեին իրավական տիրույթում, մինչդեռ ԿԸՀ-ի որոշումը մաքուր քաղաքական էր, ինչի նպատակը ՔՊ-ին այնպիսի մեծամասնություն ապահովելն էր, որը նրան հնարավորություն կտա կախման մեջ չլինել ընդդիմության քվեարկությունից։ Այլ խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, վաղը կարող է տեղի ունենալ ցանկացած մեկ այլ կուսակցության դեպքում։ Քաղաքական արժանի հակահարված չստանալու դեպքում Նիկոլ Փաշինյանը գործելու է էլ ավելի անկաշկանդ, եթե կուզեք՝ լկտի ու չի բացառվում, որ գա այն օրը, երբ նա երկրի փաստացի վարչապետ լինելուն զուգահեռ, իրեն հռչակի նաև ընդդիմության առաջնորդ։
Եվ նա այլընտրանք չի էլ ունենալու։ Եթե երկրի օրենսդրությունը սահմանում է բազմակուսակցական ինստիտուտ՝ ընդդիմության առկայությամբ, սակայն երկրում փաստացի հաստատվում է միակուսակցական համակարգ, նրան այլ բան չի մնում անելու, քան գրավել երկու բևեռներն էլ։
Եթե այդպես չլիներ, ապա ընտրություններից հետո, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, Փաշինյանը պետք է հաշտության ձեռք մեկներ ողջ քաղաքական դաշտին։ Այդպես են վարվել նաև Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր նախագահները։ Սա ոչ միայն մեծահոգություն է, ոչ միայն իրական առաջնորդի պահվածք է, այլև քաղաքական գրագիտություն ու հեռատեսություն, որոնք խորթ են Նիկոլ Փաշինյանին։
Կարեն Կարապետյան