Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը

Հասարակություն

16.06.2026 | 17:52

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է Դատախազության և հիմնադրամի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող 67 հա մակերեսով հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետությանը։ Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ է՝ շուրջ 12.4 միլիոն ԱՄՆ դոլար։

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Հիմնադրամի, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի վճռով՝ հաստատվել է Գլխավոր դատախազության և Հիմնադրամի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձրել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող՝ 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամասը:

Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար):

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ»:

 

Leave a comment