Չգրանցված գույքի խնդիրն ու օրենսդրական ռիսկերը. խորհրդակցություն՝ կառավարությունում

Չգրանցված գույքի խնդիրն ու օրենսդրական ռիսկերը. խորհրդակցություն՝ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել կոմիտեի կողմից անշարժ գույքի գրանցման, իրավունքների ու սահմանափակումների գրանցման ինստիտուտի վերափոխման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զեկուցվել են իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործող օրենսդրական կարգավորումների, գրանցված գույքի օտարման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման գործող ընթացակարգերի ռիսկերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել չգրանցված գույքի գրանցման գործող ընթացակարգին: Ներկայացվել է նաև տարբեր պետությունների փորձը ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ բարեփոխումների նպատակը վարչարարության պարզեցումն ու սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղացումն է։ Այս համատեքստում, ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ նպատակների իրականացման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի վերափոխմանն ուղղված ծրագրերը, ընդգծել, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենաարդյունավետ մոտեցումն այն փոքր քայլերով մեկնարկելն է: Այս համատեքստում, Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

Leave a comment