Renault-ը, համագործակցելով Thales-ի հետ, ներկայացրել է 4 Troop անվանումը կրող քրոսովերի նախատիպը, որը հագեցած է անօդաչու թռչող սարքերի գործարկման հարթակով։
Նախագիծը ցուցադրվել է Փարիզում անցկացված Eurosatory միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում։
4 Troop նախատիպը ստեղծվել է Renault Rafale մոդելի հիման վրա: Սովորական քրոսովերից այն տարբերվում է թափքի վրա կիրառված անփայլ բաց դարչնագույն ծածկույթով, լուսարձակների պաշտպանությամբ, արտաճանապարհային անվադողերով և տանիքի հատուկ բեռնախցիկով։
Ավտոմեքենան հագեցած է հատուկ թվային հարթակով, որը այն վերածում է ԱԹՍ շարժական կառավարման և գործարկման կենտրոնի։
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 4 Troop-ը կարող է գործարկել և համակարգել միաժամանակ մի քանի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև անօդաչու ցամաքային մեքենաների աշխատանքը։
Մոդելը համալրված է առաջադեմ սենսորներով, պաշտպանված տակտիկական կապի համակարգերով, տվյալների մշակման հզոր հնարավորություններով և արհեստական բանականության վրա հիմնված որոշումների ընդունման օժանդակ համակարգերով։
Քրոսովերի plug-in hybrid ուժային համակարգն ունի V2L (Vehicle-to-Load) ֆունկցիա, որը թույլ է տալիս մեքենայից սնուցել արտաքին էլեկտրական սարքավորումներ։
Համակարգի հզորությունը կազմում է 305 ձիաուժ, իսկ 22 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցը հնարավորություն է տալիս միայն էլեկտրական ռեժիմով անցնել մինչև 100 կմ ճանապարհ։
Ներկայում 4 Troop-ը գտնվում է նախատիպի կարգավիճակում։ Renault-ի ներկայացուցիչների խոսքով՝ ապագայում նման մեքենաների սերիական արտադրությունը հնարավոր է իրականացնել քաղաքացիական ավտոմեքենաների հարթակների հիման վրա։
Ընկերությունում կարծում են, որ նման մոտեցումը զգալիորեն ավելի մատչելի է, քան զրոյից հատուկ ռազմական տեխնիկայի մշակումը և արտադրությունը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։