Հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։ Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է, և Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս երեք հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել։
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից շտապ մեկնել է օպերատիվ խումբ։
Պարզվել է, որ ահազանգող տեսուչն ու նրա գործընկերուհին, վարչարարություն կատարելու համար, փորձել են նույնականացնել տոմս չունեցող անձանց, սակայն ուղևորներից մեկը՝ Մասիս քաղաքի բնակիչ 55-ամյա մի կին, հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Իսկ մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա տղամարդ, հրմշտել և քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը։
Համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը։ Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Էրեբունի և
Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն