ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցրած «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»։
Մասնավորապես, հայցի համար հիմք է հանդիսացել օրեր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ղազարյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում է. «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, էնտեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։
Նիկոլ Փաշինյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակային հերքում տարածել հետևյալ բովանդակությամբ.
«2026 թվականի սեպտեմբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացում եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
Ըստ հայցի՝ ընդդիմադիր պատգամավորը պետք է հերքումը տարածի «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի միջոցով՝ ուղիղ եթերում, վճռով նշված բուն տեքստը տեսաձայնագրմամբ ընթերցելու միջոցով, «Հերքում՝ 27.09.2026թ. հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրով։ Փաշինյանը նաև պահանջում է, որ հերքումը չպարունակի Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն և սահմանափակվի բացառապես հերքման տեքստով։
Բացի հերքումից՝ վարչապետը պահանջում է Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։
Հայցը Քաղաքացիական դատարան է ներկայացվել երեկ՝ հոկտեմբերի 1-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։
Ռոզա Վարդանյան