«ՀՀ նախադպրոցական 1095 հիմնարկներում միայն 364 հրահանգիչ կա․ 33 տոկոսն է։ Սա խայտառակություն է»․ Գաբրիել Ղազարյան

«Որ շարունակենք ունենալ մեդալներ, պետք է ոլորտը ղեկավարվի ճիշտ ուղղվածությամբ։ Չեմ կարծում, որ ԿԳՄՍ նախարարությունում մեկ վարչությունով պետք է սպորտ կառավարվի։ Պետք է առանձին միավոր լինի։ Թող ոչ թե սպորտի նախարարություն լինի, այլ առընթեր կոմիտե, ինչ ուզում է՝ լինի անունը։ Դա պետք է առանձին միավոր լինի»,- Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող կլոր սեղան-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ջրացատկի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախագահ, Սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայկական սպորտն այսօր աշխարհում ի՞նչ դիրքերում է, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց․ «Այսօր, եթե մենք ունենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններից, խոշոր մրցաշարերից մեդալներ, նշանակում է դա հին աշխատանքն է․ մեդալները միանգամից հո չեկա՞ն։ Դրա համար ամեն ինչ ուզում ենք անել, որ հետագայում էլի մեդալներ լինեն»։

Ըստ Գաբրիել Ղազարյանի՝ սպորտի զարգացման հարցում կարևոր է նախադպրոցական հասակից սկսել․ «Թե′ մարզադպրոցները, թե′ հանրակրթական դպրոցները, թե′ նախադպրոցական հիմնարկները ՀՀ-ում պետք է գործեն մեկ դաշտում։ Ընդհանուր դաշտ պիտի լինի։ ՀՀ նախադպրոցական 1095 հիմնարկներում միայն 364 հրահանգիչ կա, 33 տոկոսն է։ Սա խայտառակություն է։ Նշանակում է, որ նախադպրոցական հիմնարկներում ֆիզկուլտուրա չի իրականացվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment