Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում շարունակական աջակցություն և երկարաժամկետ ինտեգրման միջոցառումներ ապահովել Արցախից տեղահանված հայերի համար

Ստրասբուրգ, 16 հունիսի 2026 թ. – «Արցախից Հայաստան տեղահանված հայերը կարիք ունեն շարունակական աջակցության և հետագա ինտեգրման միջոցառումների», – հայտարարել է Մայքլ Օ’Ֆլահերթին՝ հրապարակելով հուշագիր իր Հայաստան կատարած այցից հետո։ Ողջունելով Հայաստանի իշխանությունների սկզբնական արձագանքը արցախահայերի տեղահանությանը՝ հանձնակատարը ներկայացնում է առաջարկություններ՝ հաշվի առնելով, որ իրավիճակը արտակարգ փուլից անցնում է երկարաժամկետ ինտեգրման փուլ։

Հանձնակատարը նշում է իշխանությունների կողմից իրականացված մի շարք դրական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի դյուրացումը և հատուկ աջակցության ծրագրերի իրականացումը։ 2026 թվականի փետրվարի դրությամբ ավելի քան 20,000 արցախահայ ստացել էին Հայաստանի քաղաքացիություն, և մինչ այդ ամսաթիվը մշակված որևէ դիմում մերժված չէր։ Նրանց համար, ովքեր դեռևս քաղաքացիություն չեն ստացել, շարունակում է գործել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը։

Կառավարությունը աջակցել է բնակարանների ձեռքբերմանը, տրամադրել է վարձակալության սուբսիդիաներ և ապահովել, որ տեղահանված աշակերտները դպրոցներում ընդգրկվեն նույն մակարդակով, ինչ ընդհանուր բնակչությունը։ Այս նախաձեռնությունները լրացվել են զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագրերով։

Սակայն հանձնակատարը նշում է, որ «շատ արցախահայեր դեռևս դժվարություններ են ունենում Հայաստանում իրենց իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացման հարցում» և մատնանշում է մի շարք խնդիրներ։

Շատ արցախահայեր դեռևս չունեն Հայաստանի քաղաքացիություն, ինչը սահմանափակում է որոշակի իրավունքների և նպաստների հասանելիությունը։ Ինքնությունը հաստատող և այլ կարևոր փաստաթղթերի վերականգնման հետ կապված դժվարությունները խոչընդոտում են կենսաթոշակների, աշխատանքի, կրթության և բնակարանի հասանելիությանը։ Թեև բնակարանային աջակցության ծրագրերը նշանակալի են, դրանք հաճախ բավարար չեն՝ հաշվի առնելով աշխատատեղերի առումով գրավիչ բնակավայրերում անշարժ գույքի բարձր արժեքը և տրամադրվող աջակցության սահմանափակ չափը։ Վարձակալության ամսական սուբսիդիաների վերջին կրճատումը մտահոգություն է առաջացրել տեղահանվածների շրջանում։

Հանձնակատարը նաև նշում է համապարփակ ինտեգրման ռազմավարության բացակայությունը և այն, որ արցախահայերի հետ բավարար խորհրդակցություններ չեն իրականացվում իրենց կյանքին առնչվող քաղաքականությունների մշակման ընթացքում։

Հղում կատարելով Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իր վերջին հուշագրին՝ հանձնակատարը նշում է, որ տեղահանված կանայք ավելի բարձր ռիսկերի են ենթարկվում՝ ինչպես բռնության, այնպես էլ սոցիալական ու տնտեսական ճնշումների առումով, ներառյալ գենդերային դերերի, ամուսնության և խնամքի պարտականությունների հետ կապված խնդիրները։

«Կանայք, հատկապես տեղահանվածները և բազմակի խտրականության ենթարկվողները, ավելի մեծ դժվարությունների են բախվում աջակցություն և պաշտպանություն ստանալու հարցում», – նշում է նա։

Արցախ վերադարձի իրավունքը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ արցախահայերի համար։ Ընթացող խաղաղության գործընթացի և դրա հետ կապված զգայուն հարցերի համատեքստում հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ արցախահայերը լիարժեք տեղեկացված լինեն և աջակցություն ստանան իրենց ապագայի վերաբերյալ ազատ որոշումներ կայացնելու համար։

Հանձնակատարի առաջարկությունները Հայաստանի իշխանություններին

  • Ընդունել մարդու իրավունքների վրա հիմնված համապարփակ ինտեգրման ռազմավարություն՝ արցախահայերի հետ խորհրդակցելով։
  • Մշտադիտարկել և հարմարեցնել ինտեգրման միջոցառումները՝ արցախահայերի փոփոխվող կարիքներին համապատասխան, հատկապես բնակարանային և ֆինանսական աջակցության ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին։
  • Շարունակել պարզեցնել և հեշտացնել քաղաքացիություն ստանալու և փաստաթղթերի վերականգնման գործընթացները, ինչպես նաև պահպանել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
  • Ամրապնդել տեղահանված կանանց և աղջիկների պաշտպանության ու աջակցության ծառայությունները։

Վերջում հանձնակատարը կոչ է անում միջազգային հանրությանը շարունակել իր ներգրավվածությունը՝ աջակցելու արցախահայերի ինտեգրման գործընթացում ձեռք բերված առաջընթացի պահպանմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment