Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԿԸՀ նախագահը քրեորեն պատժելի արարք է կատարել եւ պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա հրապարակավ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ վերջնական որոշումը՝ առանց անվավեր ճանաչված 3 ընտրատեղամասերում վերաքվեարկության, բացահայտ ապօրինի է. «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակային պարզաբանումները, թե վերաքվեարկությունը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության» (tactical voting) եւ խեղաթյուրել ընտրողների կամքը, զուրկ են իրավական որեւէ հիմնավորումից եւ հանդիսանում են քրեորեն պատժելի արարքի քողարկման ձախողված փորձ»: Հիմնավորումն այն է, որ կա ՀՀ վարչական դատարանի 13.06.2026 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արձանագրվել է, որ ԿԸՀ-ն պետք է ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում որոշում ընդունի առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու եւ անցկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2 հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով 2 ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները, որոնք մերժվել էին, սակայն դատարանը որոշել էր, որ ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում «վերաքվեարկություն անցկացնելու մասին»: «Վարչական դատարանում մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն ասում է, թե ինչ պետք է անի ԿԸՀ-ն` ամփոփելով արդյունքները, որը ԿԸՀ-ն չի կատարել: ԿԸՀ-ն եղել է պատասխանող, սա վերացական դատական ակտ չէ, դա իր գործողությունների ու անգործության վերաբերյալ դատական ակտ է, եւ իրեն վերապահված գործառույթ կար այդտեղ, որը չի արել եւ պատասխանատվության պետք է ենթարկվի դրա համար»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
– Ինչո՞ւ է ԿԸՀ-ն այսպիսի որոշում ընդունել:
– Իրենք կորցրել են իշխանության նկատմամբ մենաշնորհը եւ հիմա այդ հարցն էին լուծում: Բայց դատական ակտի առկայության պայմաններում պետք է լիներ նորից քվեարկություն, որը չի եղել, եւ այս պառլամենտը լեգիտիմ չէ:
– Ընդդիմության անելիքը ո՞րը պետք է լինի:
– Առաջնահերթն ընտրողների կոնսոլիդացիան է եւ ցանցային բողոքի կազմակերպումը: ՍԴ դիմելն ինքնին պետք է արվի, բայց դա չի կարող արդյունավետ լինել՝ առանց հավաքներով բողոք իրականացնելու, որը քաղաքացու ամենակարեւոր սահմանադրական գործիքակազմն է` փողոցային բողոքը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: