ԴՕԿ-ը ՍԴ-ում կվիճարկի ԱԺ ընտրությունների արդյունքները – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրողների իրական կամարտահայտության վրա, հայտնում են կուսակցությունից՝ փոխանցելով ԴՕԿ-ի նախագահ Վարդան Ղուկասյանի խոսքերը։

Նրա խոսքով՝ ՍԴ-ում կներկայացվեն ապացույցներ, փաստեր և հանգամանքներ, որոնք, ըստ Ղուկասյանի, ցույց կտան, թե ինչպես են վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, ճնշումների, սպառնալիքների և այլ ապօրինի մեխանիզմների միջոցով խեղաթյուրվել ընտրությունների արդյունքները։

«Հայաստանի ժողովուրդը Սահմանադրական դատարանում տեսնելու է ապացույցներ, փաստեր և հանգամանքներ, որոնք ցույց են տալու, թե ինչպես են վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, ճնշումների, սպառնալիքների և այլ ապօրինի մեխանիզմների միջոցով խեղաթյուրվել ընտրությունների արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ։

Ղուկասյանը նշել է, որ կուսակցությունը ներկայացնելու է փաստեր, որոնք, իր գնահատմամբ, վկայում են ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների ընտրողների իրական կամարտահայտության վրա էական ազդեցության մասին։

Նա ընդգծել է, որ ԴՕԿ-ի նպատակը միայն ընտրությունների արդյունքները վիճարկելը չէ։ Նրա խոսքով՝ կուսակցությունը հետամուտ է լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են «ժողովրդի կամքի կեղծմանը»։

Ղուկասյանը հավելել է, որ եթե իրավական գործընթացների արդյունքում հաստատվի, որ կոնկրետ քաղաքական ուժեր, պաշտոնատար անձինք կամ կազմակերպված խմբեր իրականացրել են ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցած ապօրինի գործողություններ, կուսակցությունը հետամուտ կլինի, որպեսզի օրենքով սահմանված կարգով քննարկվի նրանց՝ կրկնակի ընտրություններին մասնակցելու իրավունքի սահմանափակման հարցը։

«Մենք պայքարել ու պայքարում ենք ազգային պետության համար։ Պայքարել ենք նախկինների, ներկաների և օլիգարխիկ համակարգի վերջը դնելու համար»,- հայտարարել է Ղուկասյանը։

Նա հավելել է, որ ԴՕԿ-ը շարունակելու է պայքարը Սահմանադրական դատարանում, ինչպես նաև քաղաքական և հանրային հարթակներում։ 2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։

2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործի շրջանակներում։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։

ԿԸՀ-ն մայիսի 3-ին մերժել էր ԱԺ ընտրություններին մասնակցելու Ղուկասյանի գրանցումը։

Armenia Today

Leave a comment