Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները

Քաղաքականություն

15.06.2026 | 14:47

Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է լիովին դադարեցվեն, և ԱՄՆ-ն է պատասխանատու պատերազմի ավարտի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար  Աբբաս Արաղչին Թուրքիայի, Իրաքի ու Եգիպտոսի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ Աբբաս Արաղին այսօր առավոտյան առանձին հեռախոսազրույցներում քննարկել և խորհրդակցել է Իսլամաբադի փոխըմբռնման գործընթացի և բովանդակության վերաբերյալ Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի, Ֆուադ Հուսեյնի և Բադր Աբդուլ Աթիի հետ։ Այս հեռախոսազրույցների ընթացքում Արաղչին, անդրադառնալով համաձայնագրի իրականացման համար ԱՄՆ-ի պատասխանատվությանը, ընդգծել է  «սիոնիստական ​​ռեժիմի կողմից Լիբանանի դեմ ուղղված ագրեսիաների և ապակայունացնող հարձակումների լիակատար դադարեցման անհրաժեշտությունը»։

Նշվում է, որ Իրանի, Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները նույնպես ընդգծել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ սերտ խորհրդակցությունների և համագործակցության շարունակականությունը և խաղաղությունն ու կայունությունը պահպանելու դիվանագիտական ​​ջանքերի ամրապնդման անհրաժեշտությունը։

Միաժամանակ, Լիբանանը չի տեղեկացվել Միացյալ Նահանգների և Իրանի միջև Մերձավոր Արևելքի պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ավարտելու համաձայնագրի մանրամասների մասին, հայտնել է AFP-ի պաշտոնական աղբյուրը։

Լիբանանի պետական ​​ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաղորդել է երկրի հարավում պարբերական հրետանային կրակոցների մասին, սակայն օդային հարվածներ չեն եղել, նախորդ օրերի համեմատ բռնության ավելի ցածր մակարդակ է։

«Հըզբոլլահ»-ը չի մեկնաբանել համաձայնագիրը, սակայն Իրանի կողմից աջակցվող խմբավորումը չի հայտարարել իսրայելական թիրախների վրա նոր հարձակումների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment