Ցանկալի է՝ համախոհ երկրներն աջակցեն իրար. Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ «Ճապոնիայից Հայաստան» խորագրի ներքո։

Համերգի ընթացքում հնչեցին ճապոնական ավանդական այնպիսի գործիքներ, ներկայացվեց ճապոնական պար։ Ծրագիրը ներառում էր նաև հայ արտիստների հետ կատարումներ։

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական համերգից առաջ նշեց, որ թեև Ճապոնիան և Հայաստանն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն երկու երկրները կիսում են բազմաթիվ ընդհանուր արժեքներ, այդ թվում՝ խորը հարգանքը մշակույթի, ավանդույթների և մարդկային կապերի նկատմամբ: Նրա խոսքով՝ տարիների ընթացքում բարեկամությունն ամրապնդվել է երկխոսության, փոխըմբռնման և մարդկանց միջև շփումների շնորհիվ, ինչի դրսևորումներից մեկն էլ համերգն է:

Ի թիվս այլնի, դեսպանն ընդգծեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել ճապոնացի հայտնի արտիստների, որոնք պահպանում ու զարգացնում են Ճապոնիայի ավանդական արվեստները, այդ թվում՝ գագակուն՝ աշխարհի ամենահին ու չընդհատվող ավանդույթներից մեկը, ցուգարու շամիսենի արտահայտիչ հնչյունները և ճապոնական ավանդական պարը։

Համերգից առաջ դեսպանը սիրով պատասխանեց նաև Aravot.am-ի հարցերին: Մասնավորապես, հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում հայ-ճապոնական հարաբերությունները ներկա փուլում: Նա ասաց, որ հայ-ճապոնական հարաբերությունները բարեկամական մակարդակի վրա են, նաև անդրադարձավ անցյալ տարի Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, Օսակայում ՀՀ վարչապետի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանն ու Ճապոնիան ունեն ընդհանրություններ, երկու երկրներն էլ կարևորում են մշակույթը, կիսում են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար արժեքները: «Ցանկալի է, որ համախոհ երկրներն աջակցեն իրար»,- ընդգծեց դեսպանը։

Հարցին՝ ինչ դեր կարող է ունենալ մշակույթը երկու երկրների ժողովուրդների փոխճանաչման և փոխըմբռնման առումով, դեսպան Յուտական հետևյալը նշեց. «Հայաստանն ու Ճապոնիան ունեն մի շարք ընդհանրություններ, յուրօրինակ և հին մշակույթ, որը կարևորում են: Այս համերգին ներկայացվում է Հեռավոր Արևելքի մշակույթը և ավանդույթները, ուրախ եմ նաև հայ և ճապոնացի երաժիշտների համատեղ ելույթների համար»։

Մեր հարցին՝ իր կարծիքով, հատկապես որ ոլորտներում արժի էլ ավելի սերտացնել հարաբերությունները, դեսպանն այսպես արձագանքեց. «Բնականաբար, մշակույթի ոլորտում, բայց նաև տեխնոլոգիաների… Ընդհանրապես համագործակցության և փոխանակման տարբեր ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ շատ մասնագետներ Հայաստանից գնում են Ճապոնիա՝ երկրաշարժերի կառավարման և սեյսմիկ անվտանգության ոլորտում վերապատրաստումների»։

Մեր դիտարկմանը, որ Ճապոնիայի և Հայաստանի միջև համագործակցությունը սկսվել է 1988-ից, երբ Ճապոնիան Սպիտակի երկրաշարժին արձագանքելու համար փորձագետների թիմ ուղարկեց, դեսպանը պատասխանեց, որ 2011-ին Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից հետո էլ հայ ժողովուրդն է աջակցություն ցուցաբերել իր երկրին, ինչը ճապոնացիները չեն կարող մոռանալ։

Խնդրեցինք որոշ հետաքրքիր դրվագներ առանձնացնել, որ պատահել են իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Աոկի Յուտական նշեց. «Երբ Հայաստանի մարզեր եմ գնում, հիանում եմ Հայաստանի գեղատեսիլ բնությամբ, շփվում եմ հյուրընկալ ու ջերմ մարդկանց հետ, խմում եմ տնական օղի»։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանն ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում շատ են ճապոնական մանգայի (ճապոնական ոճով ստեղծված կոմիքսների), կինոյի, երաժշտության սիրահարները, մշակույթը ժողովուրդներին միավորելու հրաշալի միջոց է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment