Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է իր ամերիկացի գործընկերոջը` 80-ամյակի կապակցությամբ։
«Ռուսաստանի նախագահը չի թաքցրել Դոնալդ Թրամփի մարտական որակների, նրա՝ հարվածներին դիմակայելու, մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և իր նպատակների իրականացմանը համառորեն հասնելու կարողությունների նկատմամբ իր հարգանքը», – ասել է նա։
Զրույցը եղել է ոչ պաշտոնական և տևել է մոտ մեկ ժամ։ Թրամփը, ըստ Ուշակովի, նշել է, որ Պուտինն առաջին օտարերկրյա պետության ղեկավարներից է, որը զանգահարել է Սպիտակ տուն։
Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների` Ռուսաստան կատարելիք այցը, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը։
«Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ազդեցություն ունենալ ինչպես իր եվրոպացի գործընկերների, այնպես էլ Կիևի վրա, այդ թվում՝ G7 գագաթնաժողովում առաջիկա շփումների ժամանակ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պուտինը և Թրամփը նաև նշել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտներին վերջերս հասցված հարվածները խոչընդոտում են խաղաղության գործընթացին։
Անդրադարձ է եղել նաև Իրանին և ռազմական գործողությունների ավարտին հասնելու ընթացքին։
Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև զրույցը 13-րդն է եղել Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրվելուց ի վեր։ Նրանց նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 29-ին։
Իր շնորհավորական հեռագրում Պուտինը վստահություն է հայտնել, որ միասին նրանք կարող են վերականգնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները և զգալիորեն նպաստել համաշխարհային անվտանգությանը։ Նա նաև Թրամփին անվանել է փայլուն, արտակարգ անհատ և քաղաքական գործիչ։
Դիտումների քանակ9