Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Թեհրանը և Վաշինգտոնը 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն մնացած վիճահարույց հարցերի շուրջ, երկուշաբթի գիշերը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Ուրբաթ տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կվարեն՝ հետագա բանակցային քայլերը որոշելու համար։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հավատարմության հարցը՝ պատերազմի դադարեցմանը, շրջափակման վերացմանը և ակտիվների ազատմանը», – ասել է Ղարիբաբադին, նրա խոսքերը մեջբերում է Press TV-ն։
Իրանի ԱԳՆ փոխղեկավարը ընդգծել է, որ այս բանակցությունները կսկսվեն միայն այն պայմանով, որ ԱՄՆ-ը կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։
Հուշագրի տեքստը կհրապարակվի ստորագրումից հետո, պարզաբանել է իրանցի դիվանագետը։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն առաջին հերթին ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ամենասուր հարցերը, ինչպիսին է իրանական միջուկային ծրագրի ճակատագիրը, կողմերը կքննարկեն ավելի ուշ փուլերում։