Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունիսի 14-ի նիստում, երբ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնում են երեք ընտրական տեղամասում վերաքվեարկություն նշանակելու մասին նախագիծը, թեժ բանավեճ սկսվեց։
«ԿԸՀ-ն գտնում է, որ թիվ 10/51, 12/13, 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելը էական ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքների վրա»,-հայտարարեց Վահագն Հովակիմյանը։
ԲՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը վրդովվեց՝ փորձելով պարզել, թե «էական ազդեցությունը» ո՞րն է։
Վահագն Հովակիմյանը հորդորեց Իվետա Տոնոյանին չխոչընդոտել նիստը։ «Ես չեմ խոչընդոտում, դուք եք խոչընդոտում Հայաստանում ժողովրդավարության կայացմանը։ Ձեր իշխանությունների, ձեզ նշանակած իշխանության հռչակած ժողովրդավարության կայացմանը»,-հակադարձեց Իվետա Տոնոյանը։ Վեճին խառնվեցին նաեւ ընդդմիադիր այլ ուժերի ներկայացուցիչները, որոնց Վահագն Հովակիմյանը սաստեց։ «Լռեք»՝ ասաց նա՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ որոշումը կարող են բողոքարկել ՀՀ Սահմանադրական դատարան։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ԿԸՀ-ն մեկ այլ որոշմամբ բաշխեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների մանդատները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: