Ադրբեջանը հայ մարզիկների դեմ բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության պատճառով

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն «լուրջ մտահոգություն» է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից իրենց մրցութային ծրագրում «Արցախ» երաժշտական ​​ստեղծագործության օգտագործման կապակցությամբ։ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել հայ մարզիկների դեմ Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)։

ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացվել է, թե «Արցախ» անվանումն արտացոլում է, իբր, Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ Հայաստանի կողմից իրականացվող անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը, որը այն վարել է տարիներ շարունակ։

«Հետևաբար, նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, ինչպիսին են Օլիմպիական խաղերը, որը պետք է մնա ապաքաղաքական, ակնհայտորեն քաղաքական և գաղափարախոսական բնույթ ունի և հակասում է օլիմպիական արժեքներին»,- ասվում է դիմումում։

Նշվում է, թե Օլիմպիական խարտիայի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ Օլիմպիական խաղերում արգելվում է ցանկացած քաղաքական, գաղափարախոսական կամ անջատողական քարոզչություն։

«Միջազգային օլիմպիական կոմիտեի առաքելություններից մեկն է պահպանել սպորտը քաղաքականությունից դուրս և կանխել մարզիկների և մրցումների շահագործումը քաղաքական նպատակներով։ Նման դեպքերը վնասում են Օլիմպիական խաղերի ոգուն, մարզական էթիկային և միջազգային մարզական սկզբունքներին, խախտում են Օլիմպիական շարժման չեզոքության սկզբունքը և խաթարում տարածաշրջանում խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտը»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարությունում։

Իր բողոքում Բաքուն նշել է, թե «Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են, և որ այդ հարթակի օգտագործումը քաղաքական և անջատողական քարոզչության համար անընդունելի է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment