Պուտինը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 80-ամյակի կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Զրույցը եղել է ընկերական և անկեղծ մթնոլորտում, տևել է մոտ մեկ ժամ»,- ասել է Ուշակովը՝ ամփոփելով Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը։
Ուշակովը նշել է, որ Թրամփը հուզվել է Պուտինի զանգից, քանի որ նա առաջին օտարերկրյա առաջնորդն էր, որը շնորհավորել է իրեն հոբելյանի առթիվ։
Նա նաև ընդգծել է, որ երկու առաջնորդների շփումն անցել է ոչ պաշտոնական մթնոլորտում, այն արտացոլել է երկու առաջնորդների անձնական հարաբերությունների բնույթը։
Ըստ Ինտերֆաքսի, Պուտինն ու Թրամփը քննարկել են միջազգային իրավիճակի առանցքային հարցեր, ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների ներկայացուցիչների հնարավոր շփումները։
Երկու նախագահները խոսել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրի մասին։
«Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնությունը մոտ է, և ինքը հույս ունի, որ բարդ, սակայն ի վերջո հաջողությամբ ավարտվող բանակցությունների արդյունքները շուտով կարող են հրապարակվել», ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ Պուտինը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկա-իրանական հակամարտությունը, դատելով իրավիճակից, հաջողվում է զսպել։