Նախևառաջ ուզում եմ հիշեցնել, որ «Ուժեղ Հայաստան»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ այս ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ըստ Ավետիք Չալաբյանի, ներկայացված ապացույցների և հիմնավորումների ծավալն այնպիսին է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում դա բավարար կլիներ, «որ ընտրությունները երեք անգամ չեղարկվեին»։
«Որովհետև մենք տեսանք, որ մեզ մոտ, թերևս, տեղի են ունեցել 21-րդ դարի պատմության ամենախայտառակ ընտրությունները՝ հսկայական թվով խախտումներով, ճնշումներով, ձերբակալություններով, իշխանության կողմից զանգվածային կաշառքներով, որոնք, ի դեպ, կատարվում էին բոլորի աչքի առաջ, ինչպես, օրինակ, այսպես կոչված, վարորդական իրավունքների վերականգնումը, ինչը պաշտոնեական դիրքի չարաշահման ակնհայտ դեպք է։ Ի դեպ, օրենքով դա նախատեսված է, դրա համար պատիժ է նախատեսված, բայց, բնականաբար, ոչ ոք այդ պատիժը չի կրի»,- ընդգծեց նա։
Նախաձեռնության համակարգողի կարծիքով, այս ընտրությունները պետք է ամբողջությամբ չեղարկվեն և նշանակվեն նոր ընտրություններ։
«Զարմանքով նկատեցի, որ նույնիսկ իշխանության կողմից ոմանք սկսեցին խոսել այդ մասին՝ իհարկե իրենց տրամաբանության շրջանակում, թե տեղի են ունեցել ընտրողների կաշառումներ։ Ուզում եմ ասել հետևյալը․ եթե դուք վստահ եք, որ դա իսկապես տեղի է ունեցել, առավել ևս, դա ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու լրացուցիչ հիմք է։
Բայց պետք է ասել նաև հետևյալը․ նոր ընտրությունները չպետք է կրկնեն նախորդները, հակառակ դեպքում մենք մշտապես ստանալու ենք նույն խայտառակ արդյունքը։ Ի վերջո, Հայաստանում պետք է վերականգնվի իրավակարգը։
Հսկայական թվով մարդիկ ենթարկվել են բերման, ձերբակալությունների, հետո նրանց բաց էին թողնում և այլն։ Իրականում այն իրական քրեական գործերի թիվը, որոնց մասին խոսք է գնում, այնքան էլ մեծ չէ։ Ընդհանուր առմամբ, ցանկացած ընտրության վիճակագրությունը համաչափ է։
Եվ մենք պետք է գնանք դեպի նոր ընտրություններ, որպեսզի մեր ժողովրդի մոտ վերականգնվի վստահությունն ընդհանրապես ընտրությունների ինստիտուտի նկատմամբ»,- ընդգծեց նա։
News.am