Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP-ին միանալու հնարավորությունը. Կոպիրկին > Լուրեր Հայաստանից

Ռուսաստանն ուշադիր հետևում է «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման» հայ-ամերիկյան նախագծին և պատրաստ է քննարկել այս նախաձեռնությանը հնարավոր մասնակցությունը․ հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ամերիկյան «Թրամփի ճանապարհ» նախագծի շուրջ զարգացումներին։ Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը ՀՀ երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման գործում», – հայտարարել է Կոպիրկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ կոնկրետ գործնական մանրամասները նոր են սկսում ի հայտ գալ, և այս նախագիծը մեկնարկելու համար որոշ ժամանակ կպահանջվի։ Ռուսաստանը հետևել է և կշարունակի հետևել այս գործընթացին․ ընդգծել է դեսպանը։

Դիվանագետը նաև նշել է, որ Հայաստանի մերձեցումն արևմտյան երկրների, առաջին հերթին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար: Նա պարզաբանել է, որ ԵՄ-ը թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ և ճնշում է գործադրում իր գործընկերների վրա, որպեսզի նրանք աջակցեն Մոսկվայի դեմ պատժամիջոցներին:

Կոպիրկինը կոչ է արել նոր պայմաններում խելամիտ և ռազմավարական հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում:

Leave a comment