Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել RAF (Real American Freestyle) լիգայում։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած RAF 10 մրցաշարում 26-ամյա հայ ըմբիշը 14։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Պուերտ Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթի նկատմամբ։ Արսեն Հարությունյանը RAF-ում պետք է նորամուտը նշեր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռեյ Հիգուչիի հետ գոտեմարտով, սակայն ճապոնացի ըմբիշը հրաժարվել է մասնակցությունից։
Նույն մրցաշարին մասնակցել է նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որը ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Թոնի Ֆերգյուսոնին։ 29-ամյա Ծառուկյանն այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացրել է 6 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։