ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել Միացյալ Թագավորության հետ երկկողմ համագործակցության և քաղաքական երկխոսության զարգացման հարցում
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել Միացյալ Թագավորության հետ երկկողմ համագործակցության և քաղաքական երկխոսության զարգացման հարցում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ երկրի Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության՝ մեզ միավորող ընդհանուր արժեքների վրա։
Փաշինյանը հիշեցրել է Սթարմերի այցը Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
«Վստահ եմ, որ մեր համատեղ հռչակագրով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը վստահաբար նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ու քաղաքական երկխոսության ամրապնդմանը»,- ասված է ուղերձում։
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել նաև հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը։
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից Փաշինյանը Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն։