Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին՝ ժամը 18:16-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։
Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը՝ հավելելով, որ դրա հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
«Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։