ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հունիսի 8-11-ը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին։ Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Իր ելույթներում դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել UNDP-ի և UNFPA-ի գործունեությունը՝ կայուն զարգացման, դիմակայունության, ժողովրդագրական քաղաքականության, կանանց և աղջիկների հզորացման, հումանիտար արձագանքի և խոցելի խմբերին աջակցության ուղղություններով։
Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը երկու կազմակերպությունների մանդատներին և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ազգային մակարդակում արդյունավետ գործունեության և ծրագրային երկրների հետ շարունակական գործընկերության կարևորությունը։
UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումներին անդրադառնալով՝ դեսպան Հովհաննիսյանը շեշտել է, որ բարեփոխումները պետք է նպաստեն արդյունավետության և ազգային մակարդակում ազդեցության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով գործող մանդատները, մասնագիտական կարողություններն ու գործառնական գործունեությունը։
Նա ընդգծել է, որ ցանկացած անցումային գործընթաց պետք է բացառի ընթացիկ ծրագրերի իրականացման խաթարումը և ապահովի, որ ռեսուրսներն ու կառավարման կարողությունները շարունակեն ուղղված լինել արդյունքների ապահովմանը։
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը անդամ պետությունների կողմից առաջնորդվող, թափանցիկ, ներառական և ապացույցների վրա հիմնված գործընթացին։
Դիտումների քանակ13