«5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ

Բաժանորդագրվել

ՀՌՀ որոշումները 2 ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ։ Որոշումը հրապարակվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մայիսի 17-ին «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի «5-րդ ալիք» ծրագրում հեռարձակված գովազդը չի համապատասխանում քարոզչության սահմանված կարգին։

«Քաղաքական գովազդը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության վարկաբեկման և նսեմացման տարրեր, մասնավորապես` Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը վերածվում է մզկիթի, Մայր Հայաստան հուշարձանի փոխարեն՝ Աթաթուրքի արձանն է։ Միաժամանակ վերոնշյալ քաղաքական գովազդը չի ներառել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՌՀ-ն որոշել է «ՇԱՐԿ» ՍՊԸ–ի նկատմամբ կիրառել 400․000 դրամ տուգանք և գրավոր նախազգուշացում:

Հանձնաժողովը մայիսի 12–ին արձանագրել է, որ «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։

Հանձնաժողովը որոշել է Հ2–ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:

ՀՌՀ որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։

Leave a comment