Դեսպաններն ազդարարեցին «Նորդիկ օրեր»-ի մեկնարկը

Դեսպաններն ազդարարեցին «Նորդիկ օրեր»-ի մեկնարկը

Երեւանում պաշտոնապես մեկնարկեց «Նորդիկ օրեր» 2026 փառատոնը՝ Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանությունների ներկայացուցիչների, ՀՀ կառավարության պաշտոնյաների, փորձագետների մասնակցությամբ: 

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բակում տրվեց երկօրյա փառատոնի մեկնարկը․ այն նվիրված է կայունության, նորարարության, մշակույթի, գրականության, անվտանգության, հավասարության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ նորդիկ մոտեցումներին:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին Հայաստանում Դանիայի Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Անե Տոֆթ Սորենսենը, Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էվա Սունդքուիսթը, Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Քիրսթի Նարինենը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պրն․ Արթուր Մարտիրոսյանը: 

«Նորդիկ օրեր» փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել նորդիկ փորձառություններ և լուծումներ քննարկումների, ցուցահանդեսների, ֆիլմերի, գրականության և համայնքային միջոցառումների միջոցով: Ընդգծելով կայունության և նորարարության կարևորությունը՝ Ն․Գ․ Անե Տոֆտ Սորենսենը նշեց․ «Հպարտ ենք՝ հայ հանդիսատեսին ներկայացնելու դեռևս առաջին «Նորդիկ օրերի» փառատոնը, որը ցույց է տալիս՝ ինչպես է նորդիկ երկրների կայուն գործելակերպը խթանում տնտեսական աճը, էներգետիկ անկախությունը, մաքուր տեխնոլոգիաների նորարարությունը, վերականգնվող էներգիայի և ռեսուրսարդյունավետության արդյունաբերությունը:  Մեր նպատակներից մեկն է ոգեշնչել և նոր ուղիներ հարթել այստեղ՝ Հայաստանում, նորարարության և կանաչ տնտեսության առաջընթացի համար»:

Փառատոնն արտացոլում է Հայաստանի և նորդիկ տարածաշրջանի միջև խորացող կապերը, ինչպես նաև համոզմունքը, որ այս համագործակցությունն ունակ է ստեղծել ավելի ուժեղ և դիմակայուն հասարակություններ: Անդրադառնալով նորդիկ համագործակցության հիմքում ընկած արժեքներին՝ Ն․Գ․ Քիրսթի Նարինենն նշեց․ «Նորդիկ օրեր» փառատոնը վկայում է մեր երկրների միջև աճող փոխադարձ հետաքրքրությունը: Նորդիկ երկրները մեր բալթյան հարևանների հետ միասին, արտահայտում են եվրոպական երկրների ձգտումը՝ առանձին գործելու փոխարեն համատեղ լուծումներ գտնելու։ Մեր հասարակություններում սոցիալական ներառականությունը, հավասար հնարավորությունները և կրթական ամուր հիմքը միավորում են բոլորիս՝ դարձնելով դիմակայուն և ներշնչելով վստահություն սոցիալական հասարակարգի նկատմամբ: Այս մոդելն ընդունված է բազմաթիվ այլ միջազգային չափանիշներով»։

Միջոցառումը համախմբում է մի շարք գործիչների, փորձագետների, հեղինակների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, երիտասարդների և լայն հանրությանը՝ ստեղծելով երկխոսություն և փորձի փոխանակման հնարավորություններ: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության կարևորությանը՝ Ն․Գ Բերգլյոտ Հովլանդն ընդգծեց․ «Նորդիկ օրեր» փառատոնը վերջին տարիներին Հայաստանում նորդիկ երկրների ներգրավվածության աճի վկայությունն է: Անհամբեր սպասում ենք մեր փորձն ու նորդիկ ապրելակերպը մեր հայ ընկերների հետ կիսելուն: Նաև ցանկանում ենք ցույց տալ՝ ինչ են իրենց հերթին ձեռք բերել նորդիկ երկրները համագործակցության արդյունքում: Նորդիկ շրջանում տարածաշրջանային համագործակցության ամենասերտ մոդելներից մեկն է գործում՝ հիմված բարեկամության, ամուր սկզբունքների և ընդհանուր հասկացողության վրա՝ միասին մենք իսկապես ավելի ուժեղ ենք»:

Փառատոնի շրջանակում Սունդուկյան թատրոնի «Black Box» (Բլեք Բոքս) դահլիճում կցուցադրվեն նաև նորդիկ երկրների ֆիլմեր՝ հայերեն ենթագրերով:

Բացի մասնագիտական և մշակութային ծրագրից, հունիսի 13֊ին Անգլիական այգում կանցկացվի բացօթյա համայնքային օր՝ լի ստեղծագործական և ընտանեկան միջոցառումներով: Այցելուները կարող են մասնակցել մանկական աշխատարանների, գրքի ընթերցանությունների, LEGO կրթական դասընթացների, VR (վիրտուալ իրականության) փորձառության, խաղալիքների, ինչպես նաև շվեդական արևահավասարի ծաղկեպսակների պատրաստման աշխատարանների, վայելել երաժշտություն և համեղ նորդիկ հյուրասիրություն: 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է և անվճար հանրության համար։

Leave a comment