Մինչ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է Հայաստան և Ադրբեջան կատարելիք դիվանագիտական այցին, Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել այն բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանական կալանքի տակ։ Այս մասին գրում է Catholic Vote-ը:
Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը խոսելով հոր ձերբակալության մասին ասել է. «Սա զանգվածային ձերբակալություն էր, որը տեղի ունեցավ ավելի քան 120 000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման արշավի ավարտին»:
Վարդանյանը հորն առաջադրված մեղադրանքները՝ մոտ 40 կետ, ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը և սահմանի անօրինական հատումը, շինծու է որակել և ասել, որ դատավարությունը զուրկ է տարրական իրավական երաշխիքներից։ Նա նշել է, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դատում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք ռազմական պաշտոն չի զբաղեցրել, ինչը միջազգային նորմերի խախտում է։
Ըստ Վարդանյանի՝ օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլ հանգեցրել է շրջանակային տեքստի նախաստորագրմանը, որը, նրա խոսքով, որևէ հղում չի անում հայ գերիներին։
«Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղությանը»,- ասել է նա։
Վարդանյանը երախտագիտություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին՝ ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթ համարելու համար և նշել, որ Թրամփը ավելի վաղ անդրադարձել է հայ կալանավորների ճակատագրին։ Ըստ OC Media-ի՝ Թրամփը օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին:
«Սա եզակի հնարավորություն է աշխարհին կրկին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը լուրջ են վերաբերվում իրենց ասածներին: Քրիստոնյաների պաշտպանությունը այս վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»։
Նա ասել է, որ փոխնախագահը, որը հրապարակավ խոսել է աշխարհում քրիստոնյաների հալածանքների մասին, կարող է օգնել ապահովել բանտարկյալների ազատ արձակումը՝ տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։
«90 քրիստոնյաներ կան, որոնց, իմ կարծիքով, փոխնախագահի աջակցությամբ հնարավոր է վերադարձնել հայրենիք»,- ասել է Վարդանյանը։