Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկում էին «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան»-ի վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տունը։
Արեգնազ Մանուկյանն ուղիղ եթերում ցուցադրեց տեղի ունեցողը, պահանջեց ներկայանալ և ցույց տալ խուզարկության իրավունք տվող փաստաթուղթը։
«Դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք ձեր հեռախոսը»,–ասաց ՔԿ-ի աշխատակից Գեւորգյանը։
Արեգնազ Մանուկյանն ի վերջո ստիպված եղավ անջատել հեռախոսը, որ չիրականացնեն այն ձեռքից վերցնելու սպառնալիքը։
Խուզարկության ավարտից հետո նրան ժամը 10:00-ին կանչեցին Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։
Քննչական կոմիտեից հայտնել են խուզարկության պատճառը. «Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: