Եղիշե Հակոբյանին պատկանող բաճկոնի վրա հրդեհի որեւէ հետք չի երեւում. ծխի հոտ էլ չի գալիս. դատարանը հետազոտում է իրեղեն ապացույցները

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով 15 զինվորի մահվան գործով այսօր դատարանը հետազոտեց գործում առկա իրեղեն ապացույցները՝ զինվորների հագուստների կտորներ, այրված կացարանից գույքի կամ այլ իրերի մնացորդներ, պարկուճներ եւ զինվորական այլ պարագաներ:

Ուշագրավ էր, որ երբ հերթը հասավ գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի զինվորական հագուստին՝ մուշտակ, տաբատ եւ ներքնազգեստ, տուժողների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանն արձանագրեց, որ մուշտակի վրա հրդեհի որեւէ հետք չկա:

Մահացած զինվորների հարազատներն էլ արձանագրեցին, որ նույնիսկ հրդեհի, ծխի հոտ չի գալիս մուշտակից: Եղիշե Հակոբյանին վերագրվող տաբատն էլ ամբողջությամբ այրված էր, մնացել էր միայն գոտին ու ինչ որ կտորներ: Նորիկյանն արձանագրեց, որ Եղիշե Հակոբյանին վերագրվող հագուստներն ամբողջական չեն:

Այդ հագուստի հետազոտությունից հետո Եղիշե Հակոբյանն արձագանքեց՝ հայտնելով, որ բուշլատն իրենը չէ, իսկ ներքնազգեստն էլ չմտաբերեց, որ իրենը լինի, ասաց՝ չեմ հիշում, ոնց որ թե իմը չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment