Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2026 թ. հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում»,– ասված է Էրդողանի ուղերձում։
Թուրքիայի նախագահը վստահ է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
«Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,– իր ուղերձը եզրափակել է Էրդողանը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա