Թուրքիայի հետախուզությունը երկրում իսրայելական «Մոսադ»-ի լրտեսական խումբ է բացահայտել. ձերբակալվածներ կան

Քաղաքականություն

06.02.2026 | 13:57

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Ստամբուլի գլխավոր դատախազության և Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական վարչության հետ համատեղ գործողության շրջանակում ձերբակալել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի համար լրտեսական գործունեություն ծավալող երկու անձի, գրում է Turkiye today-ը։

Նշվում է, որ Թուրքիայում Իսրայելի հետախուզական ծառայության գործունեության դեմ ուղղված գործողության ընթացքում ձերբակալվել է մարմարի առևտրով զբաղվող Մեհմեթ Բուդակ Դերյան և նրա հանցակից Վեյսել Քերիմօղլուն։ Թուրքական լրատվամիջոցների անվտանգության աղբյուրների համաձայն՝ Մերսինի Սիլիֆքե շրջանում մարմարի հանք շահագործող հանքարդյունաբերական ինժեներ Դերյան «Մոսադ»-ի ուշադրությունը գրավել է 2005 թվականից՝ իր միջազգային առևտրային գործունեության շնորհիվ։

2012 թվականի սեպտեմբերին Դերյայի գրասենյակ է այցելել «Ալի Ահմեդ Յասին» ծածկանունով մի անձ՝ ներկայանալով իսրայելական կեղծ ընկերության անունից։ Նշվում է, որ «գործարար հնարավորությամբ» գայթակղելով՝ Դերիային 2013 թվականի հունվարին հրավիրել են Եվրոպա, որտեղ նա առաջին անգամ կապ է հաստատել «Մոսադ»-ի գործակալների հետ։ «Լուիս» ծածկանունով իսրայելական հետախուզության սպա Դերիային հանձնարարել է վարձել պաղեստինյան ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի Վեյսել Քերիմօղլուին և հաշվետվություն ներկայացնել նրանց համատեղ գործունեության մասին: Աղբյուրները հաստատել են, որ Քերիմօղլուի աշխատավարձը և գործառնական ծախսերը վճարվել են անմիջապես «Մոսադ»-ի կողմից:

Ըստ հրապարակման՝ Դերիան օգտագործել է Քերիմօղլուի Մերձավոր Արևելքի ցանցը՝ Իսրայելի քաղաքականությանը դեմ պաղեստինցի անհատների մասին տեղեկություններ հավաքելու համար։ Գազայի կարևոր պահեստներից հավաքագրված տվյալներն ու լուսանկարներն անմիջապես փոխանցվել են Իսրայելի հետախուզությանը։

Քերիմօղլուի միջոցով Դերյան ընդլայնել է իր առևտրային և սոցիալական կապերը Իսրայելի Մերձավոր Արևելքի քաղաքականությանը դեմ պաղեստինցիների հետ՝ փոխանցելով իր հավաքած ողջ տեղեկատվությունը Իսրայելի հետախուզությանը։

2026 թվականի հունվարին Եվրոպայում «Մոսադ»-ի սպաների հետ կայացած վերջին հանդիպման ժամանակ մշակվել են ծրագրեր, որոնց համաձայն՝ Դերիան պետք է ստեղծեր արտասահմանում գործող կեղծ ընկերություն։

MIT-ը միջամտել է վերջնական պլանավորման փուլում՝ 2026 թվականի հունվարին։ Ձերբակալված կասկածյալների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment