Անվճար բժշկական հետազոտություն՝ ամուսնությունից առաջ. ինչ է առաջարկում Առողջապահության նախարարությունը ամուսնանալ պատրաստվողներին

Անվճար բժշկական հետազոտություն՝ ամուսնությունից առաջ. ինչ է առաջարկում Առողջապահության նախարարությունը ամուսնանալ պատրաստվողներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեղեկացվա՞ծ եք, որ Հայաստանում գործում է զագսավորման դիմում ներկայացնելուց հետո  երեք ամսվա ընթացքում զույգի համար անվճար բժշկական հետազոտության ծրագիր:

ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ  Ռուզան Մարտիրոսյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ  թեև ծրագիրը առողջապահության նախարարի հրամանով գործում է դեռ 2020 թվականից, բայց դրա վերաբերյալ հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ և այնքան մեծ տարածում չունի, ինչպես անպտղության հաղթահարման ծրագիրը:

Մարտիրոսյանը ընդգծեց, որ այն ներդնելիս հաշվի է առնվել մեր որոշ ազգային սովորությունները, մասնավորապես՝ բժշկի գնում ենք միայն գանգատների դեպքում կամ երբ դանակը ոսկորին է հասնում.«Այս ծրագրի նպատակը հղիության պլանավորումն է, խորհրդատվությունների և հետազտությունների միջոցով հնարավոր խնդիրների կանխարգելումն է՝ հետագայում առանց խոչընդոտների հղիություն ունենալու համար»: 

Նա նշեց, որ թեև երեք ամիսը բավարար չէ  հասկանալու համար՝ զույգի մոտ կա անպտղություն, թե ոչ, բայց առաջարկվող հետազոտությունները նվազեցնում են դրա ռիսկերը.«Ծրագիրն ընդգրկվում է կանանց մինչամուսնական խորհրդատվության, որովայնի օրգանների և վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, սեռավարակների ախտորոշում,  իսկ բժշկական ցուցումների դեպքում նաև անհրաժեշտ այլ հետազոտությունների կազմակերպում» ,- նշեց մեր զրուցակիցը, ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել նաև պատվաստումներ, դեղորայքի նշանակում ևս իրականացվում է: 

Տղամարդկանց դեպքում կատարվում է սպերմոգրամա, ստուգվում են  որոշ սեռավարակներ, կարող են խորհրդատվություն ստանալ  վնասակար սովորություններից հրաժարվելու, կյանքի ռեժիմում առողջ ապրելակերպի ընդգրկման վերաբերյալ և այլն: 

Անվճար հետազոտության համար դիմումը մուտքագրելու վերաբերյա ՔԿԱԳ մարմի կողմից տրված գրությունը զույգը պետք է ներկայացնի առողջության պահպանման առաջնային օղակ՝ պոլիկլինիկա. «Զույգերի առումով թվային սահմանափակում չկա: Սակայն նախարարությունը վիճակագրություն չի վարում դիմած զույգերի վերաբերյալ»:  

Ռուզան Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ այս ծրագրով հանրության մեջ փորձում են ներդնել զույգով բժշկին դիմելու մշակույթը: 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

Leave a comment