Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Регулятор давления. Какими будут отношения России и Армении после победы Пашиняна հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսանդր Ատասունցեւ
Նիկոլ Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտարկվում է որպես Ռուսաստանի հերթական աշխարհաքաղաքական ձախողում։ Սակայն ռուսական պարտության մասշտաբները պետք չէ չափազանցնել։ Փաշինյանի հետ կամուրջները վերջնականապես չայրելու համար Մոսկվան նախընտրական քարոզարշավի ընթացքում թեեւ աղմկոտ էր գործում, բայց օգտագործում էր Երեւանի վրա ճնշում գործադրելու իրեն հասանելի լծակներից միայն մի քանիսը, ընդ որում՝ ամենեւին ոչ ամենացավոտները։
Իհարկե, Փաշինյանի հաղթանակով Հայաստանի շարժը դեպի Եվրոպա կշարունակվի, բայց այն արագ չի լինի եւ դժվար հանգեցնի Ռուսաստանի հետ կապերի խզմանը. երկու երկրներն էլ չափազանց մեծ օգուտներ են քաղում համագործակցության շարունակումից։
Մոսկվայի սպառնալիքները
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախընտրական ճնշումը հետապնդում էր առնվազն երկու նպատակ։ Նախ՝ հայկական ներմուծման տարբեր տեսակների արգելքների միջոցով Մոսկվան ցանկանում էր վախեցնել հայ ընտրողներին ռուսական շուկայի կորստի բացասական հետեւանքներով եւ այդպիսով ուժեղացնել ռուսամետ ուժերի դիրքերը։
Ռուսաստանի երկրորդ նպատակն էր ազդել անմիջապես Փաշինյանի վրա, ինչն արդեն ավելի երկարաժամկետ բնույթ ունի։ Այս շարքին կարելի է դասել գազային համաձայնագիրը չեղարկելու սպառնալիքները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ հայտարարությունը՝ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կողմ կամ դեմ հանրաքվե անցկացնելու պահանջով։
Վերջին պահանջի հավաքական բնույթով Մոսկվան ձգտում էր ցույց տալ, թե ինքն ավելի շատ մտահոգված է տնտեսությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ, եւ որ Երեւանից հստակեցում պահանջում է ոչ միայն ինքը, այլեւ ողջ ԵԱՏՄ-ն, որտեղ առանցքային որոշումները ձեւական իմաստով ընդունվում են կոնսենսուսով։ Բացի այդ, հանրաքվեի քննարկումը, ըստ Կրեմլի մտահղացման, պետք է բացահայտեր Փաշինյանի եվրաինտեգրման հռետորաբանությունը որպես նենգ դավադրություն, երբ ընտրողներին խաբում են օգուտների մշուշոտ խոստումներով՝ լռելով ռիսկերի ու կորուստների մասին։
Հայաստանի հաղթաթղթերը
Այդուհանդերձ, չնայած այն ահազդու աղմուկին, որով Մոսկվան արգելքներ էր մտցնում եւ պահանջներ ներկայացնում Հայաստանի դեմ, իրականում կիրառված սահմանափակումները Երեւանին դեռեւս մեծ վնասներ չեն խոստանում։ Դրանք զգալի են առանձին ոլորտների համար, օրինակ՝ ծաղկաբուծության կամ մրգերի ու բանջարեղենի, որտեղ արտահանման գրեթե ողջ ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա։ Բայց ընդհանուր առմամբ ներմուծման համար արգելված բոլոր ապրանքներին բաժին է ընկնում հայկական արտահանման ընդամենը մի քանի տոկոսը։
Մոսկվան, անշուշտ, կարող էր շարունակել ճնշման ուժեղացումը նաեւ ընտրությունների ավարտից հետո. դրա համար նա բավարար գործիքներ ունի։ Սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե դա ինչ կտա իրեն։ Առավել եւս, որ Հայաստանը, չնայած հարաբերությունների ողջ անհամաչափությանը, էսկալացիային պատասխանելու ներուժ ունի։
Ճնշման ուժեղացումը Երեւանին կմղի ոչ միայն դեպի Եվրամիություն, այլեւ դեպի Թուրքիա, որն ավելի ու ավելի ակտիվորեն է մրցակցում Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում ազդեցության համար։ Հունիսի սկզբին, երբ Մոսկվան ռմբակոծում էր Հայաստանն արգելքներով ու սպառնալիքներով, Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ոչ միայն ԵՄ-ում իր դաշնակիցների, այլեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկեցին ուղիղ առեւտրի մեկնարկը. ակնկալվում է, որ սահմանները կբացվեն Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Բացի այդ, Ռուսաստանն ուղիղ շահ է ստանում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Օրինակ՝ 2022 թվականից ի վեր կովկասյան այս երկիրը դարձել է փոխաբեռնման կետ արեւմտյան պատժամիջոցային այն բեռների համար, որոնց կարիքը ռուսական տնտեսությունն այդքան շատ ունի։
Նախապատերազմյան 2021 թվականի համեմատ՝ հայկական արտահանումը Ռուսաստան 2025 թվականի վերջում աճել էր գրեթե չորս անգամ՝ $840 միլիոնից հասնելով գրեթե $3 միլիարդի։ Աճը տեղի է ունեցել առաջին հերթին արեւմտյան ապրանքների վերաարտահանման հաշվին։ Օրինակ՝ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստան է ուղարկել գրեթե $1 միլիարդի էլեկտրոնիկա՝ 2021 թվականի $12 միլիոնի դիմաց։
Երեւանի արսենալում կան նաեւ աղմկոտ քաղաքական միջոցներ։ Օրինակ՝ Փաշինյանը կարող է հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Նախընտրական բանավեճերի ժամանակ նա անդրադարձել է նաեւ այս թեմային։ Առավել եւս, որ ՀԱՊԿ-ում ներկայությունից Հայաստանը վաղուց ոչ մի օգուտ չի ստանում. Ռուսաստանը գրեթե դադարեցրել է զենքի վաճառքը Հայաստանին դեռ մի քանի տարի առաջ։
Արեւմտյան պատժամիջոցները Հայաստանին արժեքավոր գործընկեր են դարձրել ռուսական ընկերությունների համար նաեւ այլ ոլորտներում։ Օրինակ՝ 2024 թվականին նրա միջոցով ակտիվորեն վերաարտահանվել է միլիարդավոր դոլարների ոսկի։ Սխեման փակվեց, երբ դրա մասին հայտնի դարձավ։ Վատ չեն գործերը նաեւ բանկային ոլորտում։ Եթե Ռուսաստանից եկող գումարները հայկական բանկերի միջոցով չհասնեին հասցեատերերին, Հայաստանի տարածքով ներմուծումից այսքան ակտիվորեն չէին օգտվի։
Ընդունելի Փաշինյանը
Ընտրություններից հետո Ռուսաստանի համար առանձնապես իմաստ չկա կառչել նույնիսկ Հայաստանի դեմ արդեն իսկ կիրառված սահմանափակումներից։ Երկարաժամկետ հեռանկարում դրանք ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ։ Նույնիսկ դրանց գործողության երկու շաբաթվա ընթացքում արդյունքը բացասական ստացվեց։ ԵՄ-ն հայտարարել էր, որ ֆինանսական օգնություն կհատկացնի Երեւանին եւ ժամանակավորապես կչեղարկի հայկական մրգերի ու բանջարեղենի ներմուծման մաքսատուրքերը։ Եվրոպական մի քանի երկրներ համերաշխության իսկական շքերթ կազմակերպեցին՝ խոստանալով իրենց առեւտրային հարթակները տրամադրել հայկական ապրանքներին։ Իմիջի տեսանկյունից այս ամենն անհամեմատ ավելի շահեկան էր երեւում, քան Մոսկվայի սպառնալիքները, եւ կարող էր միայն մեծացնել հանրային աջակցությունը եվրոպամետ կուրսին։
Բացի այդ, ընտրություններից հետո Կրեմլի ձեռքում հայտնվել են Երեւանի վրա ազդելու այլ գործիքներ։ Քվեարկության արդյունքներով հայաստանյան խորհրդարանում նկատելիորեն ուժեղացել է մեծամասամբ ռուսամետ ընդդիմությունը։ 2018 թվականին իշխանության գալուց ի վեր առաջին անգամ Փաշինյանի կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չի ունենա։
Հիմա դա հատկապես կարեւոր է, քանի որ առանց ընդդիմության ձայների կառավարությունը չի կարողանա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նշանակել, իսկ դա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերջին խոչընդոտն է։ Եթե Բաքուն շարունակի պնդել, ապա Փաշինյանը ստիպված կլինի պայմանավորվել ընդդիմության հետ, որի վրա Մոսկվան մեծ ազդեցություն ունի։
Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը ինքը Փաշինյանը նույնպես հասկանում է. պատահական չէ, որ ընտրությունների նախաշեմին նա հայտարարել էր, որ վերընտրվելուց անմիջապես հետո կմեկնի Մոսկվա. «Մենք կհանդիպենք եւ կլուծենք բոլոր ընթացիկ հարցերը»։
Կրեմլում էլ, կարծես, նրան հաճույքով կընդունեն։ Չնայած սպառնալից հռետորաբանությանը՝ ՀՀ վարչապետը մնում է մի առաջնորդ, ում հետ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփվել։ Եթե ոչ որպես դաշնակցի, այլ որպես գործընկերոջ՝ թեկուզ եւ խնդրահարույց։
Ռուսական ղեկավարությունը Փաշինյանին դեռեւս չի դասում քաղաքական գործիչների ամենաատելի շարքին, որտեղ տեղ են գտել Միխեիլ Սաակաշվիլին, Վլադիմիր Զելենսկին կամ Մայա Սանդուն։ Դա չի նշանակում, որ Մոսկվայի հետ Հայաստանի հարաբերություններից կվերանան կոնֆլիկտները. երկրի շարժը դեպի Արեւմուտք արդեն անդառնալի է թվում։ IRI-ի մայիսյան հարցման համաձայն՝ եվրաինտեգրմանն աջակցում է հայերի 75%-ը։ Սակայն առայժմ մեծամասնությունը նաեւ գտնում է, որ Բրյուսելի հետ հարաբերությունների խորացումը չպետք է տեղի ունենա ի վնաս Ռուսաստանի հետ գործընկերության, ինչը լարվածության նվազեցումը գրավիչ է դարձնում երկու կողմերի համար։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: