«Ներկայումս նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելում, առաջանում են դեպքեր, երբ անձինք անազատության մեջ պահվող անձանց փոխանցում կամ փոխանցելու փորձ են կատարում արգելված առարկաներ՝ մասնավորապես բջջային հեռախոսներ, լիցքավորման սարքեր և այլն։ Վճարում են տուգանքը և կրկին կատարում նույն իրավախախտումը»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների՝ իրենց առաջարկությունները հիմնավորելով՝ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։
Նա փաստեց՝ գործող կարգավորումները պատասխանատվություն են նախատեսում միայն արգելված առարկաները հանձնելու կամ հանձնելու փորձ կատարելու համար ու նշեց․ «Մինչդեռ գործնականում հանդիպում են իրավիճակներ, երբ անձը, նախապես տեղեկացված լինելով արգելված առարկաների ցանկի մասին և օրենքով սահմանված կարգով անցնելով զննություն, անձնական խուզարկություն, իր մոտ պահում է արգելված առարկա և այն տեղափոխում է քրեակատարողական հիմնարկի տարածք։ Օրինակ՝ սա կարող է լինել փաստաբանների դեպքում, տեսակցության այցելած ազգականների դեպքում։ Իրենց՝ այդ հանձնելու կամ հանձնելու փորձը չենք բացահայտում, բայց իրենց հետ արգելված տարածք ներմուծում են արգելված իրեր, որը ենթադրում է, որ կարող է հետագայում փոխանցվեր։ Ներկայիս օրենսդրությամբ՝ նկարագրված իրավիճակը չի ստանում պատշաճ իրավական գնահատական։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննություն անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար, վերանայել քրեակատարողական հիմնարկներում կալանավորներին ու ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տույժի տուգանքի չափը։ Մասնավորապես, հիշյալ արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկն է, փոփոխություններով առաջարկում ենք սահմանել 200-ապատիկից 500-ապատիկի չափով, ինչպես նաև նախատեսվում է արգելված առարկայի բռնագրավումը»։
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ դա չի՞ դիտարկվի՝ որպես ճնշում, օրինակ՝ փաստաբանների նկատմամբ ու հարցրեց․ «Ասում եք՝ փաստաբանը արգելված իր է տանում և հետո փորձում եք պատժել։ Սա չի՞ սահմանափակում փաստաբանների ազատությունը, սա արդյոք լրացուցիչ ճնշման ձև չի՞ լինի փաստաբանի համար նրա մուտքը ազատազրկված անձի մոտ սահմանափակելու կամ ընդհանրապես արգելելու համար»։
Գևորգ Քոչարյանը պատասխանեց․ «Այս գործողությունները, որ կատարվում են, միտված չեն որևէ մեկի իրավունքների իրացմանը խոչընդոտելուն։ Փաստաբանը, պաշտպանը բարձր իրավագիտակցությամբ, պրոֆեսիոնալ իրավաբան է, և առաջինը հենց պաշտպանը, փաստաբանը պետք է իմանա, որ հակաիրավական արարք կատարելը հղի է անցանկալի հետևանքներ առաջացնող ռիսկերով։ Եթե այդ արարքը կատարում է փաստաբանը, դա իր համարժեք արձագանքը պետք է ստանա։ Սա չի առնչվում բուն փաստաբանական գործունեությանը, անձի իրավունքների, շահերի պաշտպանությանը։ Իրավապաշտպան գործունեությունը չի ենթադրում և չի ներառում արգելված իրեր փոխանցելը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: