«Շանգրի Լա»-ում խախտումներ են բացահայտվել

«Գործն այս պահին քննվում է․ 2019 և 2024 թվականի մասին է խոսքը։ Դիզվառելիքի ներկրման ոլորտում թաքցված հարկերի մասին է խոսքը։ Տարբեր գործեր կան, իր հետ փոխկապակցված տարբեր բիզնեսների գործեր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասին հարցին։

Նա հավելեց, որ գործը վաղուց կա, ՔԿ-ն այժմ եկել է այս կետին։

Նա չի կարծում, որ զուգադիպություն է, որ ընտրությունների փուլում են եկել այս կետին։ Բայց շատ մանրամասներ չի հայտնում, քանի որ հարցը ՊԵԿ-ի տիրույթից վաղուց դուրս է եկել, և ՔԿ-ն ավելի մանրամասն կարող է մեկնաբանել հիմքերը։ Վստահեցնում է՝ հարցը սովորական քրեական գործընթացի մաս է կազմում։

Հավելեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարբեր բիզնեսների հետ կապված հարկային պարտավորությունների մասով խնդիրներ անցյալ տարի էլ ՊԵԿ-ը բացահայտել է, այժմ քրեական հետապնդում է հարուցվել միայն այդ գործով, մյուս գործերով ընթացքը ցույց կտա։

Լրագրողի հարցին՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սպառնում էր ընդդիմադիր գործիչներին՝ ասելով, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» բանտում է հայտնվելու, Էդուարդ Հակոբյանն ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ էր անում, տեղյակ էր, որ հարուցված գործեր կան, ծանոթ էր դրանց, և «նմանատիպ հայտարարությունները բնական են»։

Հարցին՝ առաջիկայում կլինե՞ն ընդդիմադիրներ, որոնց նկատմամբ նոր վարույթներ կհարուցվեն, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտին է ուսումնասիրում, ոչ թե անձին․ «Մեր թիրախը, հարկային վարչարարության թիրախը կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիրախը սուբյեկտներն են»։

«Եկեք չանձնավորենք, բոլոր ուղղություններով էլ կան գործողություններ, ու այստեղ քաղաքական էլեմենտը բացարձակ կապ չունի, մենք ռիսկերով ենք գործում, մենք տարբեր ոլորտների ռիսկերը վերհանելով՝ գործում ենք ռիսկային տնտեսվարողների ուղղությամբ։ Եվ այո, կան տնտեսվարողներ, որոնք առնչություն ունեն իրենց հետ, կան տնտեսվարողներ, որոնք չունեն առնչություն իրենց հետ, և այդ խոշոր գործերի մեջ և իրենք էլ կան, և տարբեր մարդիկ էլ կան։ Կան տարբեր գործեր, որոնց շուրջ ժամանակին հաղորդումներ են ներկայացված եղել»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։

Կոնկրետ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով էլ ասաց․ «Մենք վերջին ամիսների ընթացքում հերթական մեր ստուգումների շրջանակներում, օրինակ, «Շանգրի Լա»-ն էլ հայտնվել է այդ ստուգումների շրջանակներում, և դրա շրջանակում ունեցել ենք խախտումների բացահայտումներ, որոնք հիմա քննվում են»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment