Հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալ

Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ։ Կառավարությունը համապատասխան նախագծին հավանություն է տվել այսօր։

«Ընտանիքի անապահովության գնահատման կարգում փոփոխություններ կատարելու» մասին հարցի զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ, օրինակ, 2017 թվականին «փարոս» համակարգում եղել է մոտ 100 հազար ընտանիք, իսկ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք։  

Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից, այն է՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։

Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

«Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը»,- ասված է հիմնավորման մեջ:

Leave a comment