Ժողովուրդն այդքան ցածր քաղաքական կուլտուրա չունի, որ նրանց ձայն տա. իրենց գործը փող սարքելն է, թող դա անեն. Արշակյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին

Ժողովուրդն այդքան ցածր քաղաքական կուլտուրա չունի, որ նրանց ձայն տա. իրենց գործը փող սարքելն է, թող դա անեն. Արշակյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տնտեսությունն այն բնագավառ է, որտեղ իրենք իրենց հմուտ են համարում, որովհետև այլ բնագավառներում, օրինակ՝ պաշտպանությունում, միջազգային հարաբերություններում ասելիք և անելիք չունեն»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մեր ձևով» շարժման հայտարարություններին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով «Մեր ձևով» շարժման համակարգող, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե փոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից՝ Արշակյանը նշեց. «Այդ հայտարարությունն ավելի շատ նման է ընտրակաշառքի, այսինքն՝ փոքր բիզնեսին փող են տալիս, ազատում են հարկերից, որ իրենց ձայն տան: Իրենք անփորձ են, դա կարելի էր մի քիչ այլ ձևով անել, իրենց արածն անգրագետ ձևակերպում է: Իրենք իրենց խոշոր բիզնեսում արդյո՞ք այդպես են վարվել, օրինակ՝ վարձակալություներ տվե՞լ են առանց փոխհատուցման, այսի՞նքն իրենք ունեն այդ նախադեպը: Նրանք կարող էին ասել՝ մենք դա արել ենք՝ փողը չենք վերցրել և չենք սնանկացել, պետությունն էլ կարող է բիզնեսից փող չվերցնել և չսնանկանալ, եթե իրենք արած լինեին՝ կասեին, բայց նրանք վերցրել են ամեն ինչ, ինչ հնարավոր է եղել»:

Խոսելով 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու խոստման մասին՝ Ազատ Արշակյանն ասաց. «Նրանց արածն անհարգալից վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ, ամբոխահաճ ծրագիր է դա, դա նշանակում է, որ իրենք չեն հասկանում՝ ում հետ գործ ունեն: 300 հազար են ասում, չէ միանգամից 3 միլիոն ստեղծեք, ինչն է իրենց խանգարել մինչև հիմա ստեղծել այդ աշխատատեղերը, թող անեին, մի պետություն էլ իրենք են եղել, իրենց ռեսուրսները պետությանը հավասար են եղել: Նրանք փորձում են ամբոխին հաճելի լինել, բայց արդյոք մեր ընտրողներն ամբոխ են, կարծում եմ՝ մենք ամբոխ չենք: Նման հայտարարությունները քաղաքական անգրագիտության հետևանք են»:

Արշակյանն անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հայտարարություններին. «Կարելի՞ է Հայաստանում այդպիսի բան ասել, կարելի՞ է վիրավորել, հայհոյել ՀՀ կին քաղաքացիներին, նրանց ամուսիններին, որդիներին: Նրանք այդպե՞ս են պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներին հարկերից կազատեն, չամուսնացած կանանց կամուսնացնեն, չբավարարված կանանց կբավարարեն, այդ մակարդկով էլ արտաքին քաղաքականություն պետք է մտնեն, այդ մակարդակով պետք է մտնեն անվտանգության համակարգ, նրանց այդ ծրագրերն արդեն խոտան են: Իրենց գործը փող սարքելն է, թող դա անեն և թողնեն քաղաքական գործիչները քաղաքականությամբ զբաղվեն: ՀՀ-ն փորձում են դարձնել ընտանեկան կալվածք, ՀՀ-ն դարձնում են իրենց տնամերձը»:

Ինչ վերաբերում է ընտրություններին ընդառաջ նրանց կատարած հարցումներին՝ Արշակյանը նկատեց. «Դա գեղջկական պարզամտություն է, իրենց տանը հարցում են անցկացրել, դա էլ անտեղյակության հետևանք է: Ժողովուրդն այդքան ցածր քաղաքական և պետական կուլտուրա չունի, որ նրանց ձայն տա»:

Արշակյանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը գործուղվել է Հայաստան Ռուսաստանից. «Նրանց գործատուն կհրամայի՝ կանեն, կհանձնարարի միավորվել՝ կմիավորվեն, իրենք չեն որոշողը: Նրանց հայտարարությունները ոչ մի արժեք չունեն, պետք է նայենք, թե ինչ են հայտարարում նրանց գործատուները»:

Leave a comment