Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի քվեներն արդեն ավելացել են 140-ով – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։

«ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է»,- գրում է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ, տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։

Տոնոյանը շեշտում է՝ արդեն իսկ արձանագրված տվյալները վկայում են, որ «գործնականում և առողջ բանականության շրջանակներում» չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում:

Հավելենք, որ նախնական արդյունքների հրապարակումից հետո ԲՀԿ-ին շուրջ 60 ձայն չէր բավականացնում խորհրդարանի համար անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Sputnik Արմենիա

Leave a comment