Թեհրանը հայտարարել է, որ հակամարտության կողմնակիցները ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում են Իրանի դեմ

Բաժանորդագրվել

Գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Թեհրանի հետ հակամարտության կողմնակիցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) օգտագործում են որպես գործիք ընդդեմ Իրանի։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ԻԻՀ մշտական ներկայացուցչությունը։

Հունիսի 10-ին Գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել։

«Ինչպե՞ս կարելի է վստահել ՄԱԳԱՏԷ-ին, երբ հակամարտության կողմնակիցները գործակալությունը որպես գործիք են օգտագործում, և այն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ի վիճակի չէ նույնիսկ հասարակ մտահոգություն հայտնել երաշխիքների ներքո գտնվող անդամ պետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա իր պատմության մեջ ամենախոշոր անօրինական զինված հարձակումների կապակցությամբ»,-ասված է X սոցիալական ցանցում Իրանի մշտական ներկայացուցչության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանական կողմի կարծիքով՝ բանաձևը «կեղծավորաբար աջակցություն է հայտնում դիվանագիտական լուծմանը», մինչդեռ ԱՄՆ-ն միաժամանակ շարունակում է ագրեսիայի նոր գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, և միջազգային տարբեր հարթակներում առաջ է մղում հակամարտության մոտեցումը։

«Դիվանագիտական լուծման համար անհրաժեշտ է բարեխղճության գոնե նվազագույն մակարդակ»,-նշել են մշտական ներկայացուցչությունում։

Հայտարարության հեղինակները հավելել են, որ Իրանը պաշտպանելու է իր անօտարելի իրավունքները, «այդ թվում՝ ի պատասխան այս վնասաբեր բանաձևի»։

Ավելի վաղ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել էր միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին։

Միացյալ Նահանգները պարբերաբար հայտարարում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, և Թեհրանից պահանջում է հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ գործարք կնքելու համար։ Իրանն իր հերթին պատասխանում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չի ունեցել և չունի։ Դրա հետ մեկտեղ, ԻԻՀ-ն պաշտպանում է խաղաղ ատոմի իր իրավունքը։

Leave a comment