Կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը կարգելվի
Կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաեւ ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Ի դեպ, համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքի կիրառման ընթացքում՝ 2023 թվականից մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 եւ 2022 թվականին գողության 40 դեպք։
Եթե կառավարությունը վաղն ընդունի, որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 6-ից եւ գործելու է մինչև 2027 թվականի հունվարի 6-ը ներառյալ։