Լեհաստանը և Ուկրաինան զենքի ու զինամթերքի համատեղ արտադրության մտադրության մասին հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Մենք ստորագրել ենք մտադրությունների հռչակագիր, և սրանք պարզապես մտադրություններ չեն։ Սա անցում է գործնական համագործակցության։ Սա մեր նպատակն է եղել մի քանի ամիս։ Մենք քննարկել ենք սա և զգալի ջանքեր ենք գործադրել Լեհաստանի և Ուկրաինայի ձեռնարկություններում համատեղ պաշտպանական արտադրության գաղափարն իրականություն դարձնելու, տեխնոլոգիաների փոխանակումը անհնար կամ բարդացնող խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Տուսկը։
Իր հերթին, Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ Ուկրաինան և Լեհաստանը մտադիր են համատեղ արտադրել «անօդաչու թռչող սարքեր և այլ զենքեր»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան, որն արդեն չորս տարի է՝ հետ է մղում Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժումը, «ունի ամենամեծ փորձը ժամանակակից պատերազմում իրականում գործող զենքերի առումով»։
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է Կիևին փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի դիմաց։
«Գիտեմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես, որոշակի տեսակի հրթիռներ։ Մենք չենք կարող օգնել ամեն ինչով, բայց եթե ՄիԳ-եր անհրաժեշտ լինեն, Լեհաստանը պատրաստ է անմիջապես փոխանցել դրանք։ Մենք խոսում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին, քանի որ ցանկանում ենք Լեհաստանում ստեղծել արդյունավետ պաշտպանություն անօդաչու թռչող սարքերի դեմ»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը։
Տուսկը նշել է, որ ներկայում պատրաստ չէ պատասխանել հարցին՝ արդյո՞ք Վարշավան կարող է ինքնաթիռների փոխարեն Ուկրաինային նվիրաբերել այլ՝ ավելի անհրաժեշտ հակաօդային պաշտպանության սարքավորումներ։
«Սակայն Լեհաստան վերադառնալուց անմիջապես հետո ես կխոսեմ ազգային պաշտպանության նախարարի հետ և ոչ ուշ, քան երկուշաբթի կտեղեկացնեմ նախագահ Զելենսկիին, թե ինչ է հնարավոր»,- ասել է նա։
Դոնալդ Տուսկը նաև հայտարարել է, որ Վարշավան շարունակում է աշխատել Ուկրաինային հետագա զենքի մատակարարումների ուղղությամբ՝ Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմում օգնելու համար։ Հաջորդ՝ 48-րդ օգնության փաթեթը Լեհաստանից Ուկրաինային, ըստ կանխատեսումների, կարժենա մոտավորապես 47 միլիոն եվրո։ Այն հիմնականում կներառի զրահապատ մեքենաներ։
Կիևում Տուսկի և Զելենսկիի հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ դա, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայի և Լեհաստանի էներգետիկ ցանցի զարգացմանը։ Նա հավելել է, որ Ուկրաինան և Լեհաստանն աշխատում են նաև հեղուկ բնական գազի մատակարարումների ավելացման ուղղությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի